top of page
Поиск

Չ փ ո ր ձ ե ս


Նայում եմ

Դառնի փոխարեն

Կեղտոտ կոչվող

Ռեալիզմի

Վարդագույն գրքին,

Որտեղ պատկերված են

Վարդեր և պահածոների

Մետաղե մատ կտրել

Ընդունակ տարաներ

Ու մտածում եմ

Որ իրոք որ

Կյանքի լավագույն ու վատագույն

Բանն այն է,

Որ ոչինչ մնայուն չէ:


Հին բայց վաղուց ընդհատված

Սովորությամբ խմած

Մեքենան քշեցի

Մատենադատարանի

Գիշերը աշխատող կրպակին

Որ սովորության համաձայն

Գիշերը լուրեր լսող ու չքնող

Խանութպան բիձուց

Գնեմ մի տուփ ծխախոտս

Ու մի շիշ ջուրս`

Տուն հասնելուց առաջ:


Կրպակի մոտ

Մի կին հանգցնում էր լույսերը

Ու կողպում ապակե դռները

Եվ ասում.

«Գիշերը չենք աշխատում»


Հին ու կեղտոտ նկուղներ

Փաբերը փակվում են

Անհասցեանում

Ու ջնջվում քաղաքի քարտեզներից,

Ցածրորակ ժանգագույն խմիչքները

Փոխարինվում են

Նորաձև գունավոր կոկտեյլներով:


Մեր երիտասարդ մեղքերը

Ներվում են ու դառնում անմեղ

Հուշեր,

Մեր ետադարձ հայացքները

Հաճախանում են

Ու պահանջում

Էպիտաֆ մեմուարներ:


Մեր հին սիրածների

Հասցեները

Փոխվում են

Ու դառնում մոտ

Մանկապարտեզներին:


Մեր անդարձության

Անդառնալիության

Կետերը,

Ուղղում եմ,

Կորուստները

Շատանում են

Ու կողպվում են

Ճակատագրի

Հաշտությամբ:


Մեր թանկարժեք

Էսէմեսները

Փոխարինվում են

Անսահմանափակ

Ինտերնետով

Ու նամակներով,

Ուղղում եմ,

Հաղորդագրություններով:


Մեր ելումուտը զմրսած

Փախուստ կանխող

Արևոտ քաղաքը

Դառնում է պատսպարան

Հրե կապարից

Սառցե երկրներից

Փախչողների համար


Իմ վերջին ու հանգչող

Ծխախոտի

Մոխիրը թափվում է

Վարդագույն գրքի

Կազմի վրա

Որի հեղինակ բիձեն

Ասում էր` չփորձես...

Երևի թարգել ծխելը:


Կրպակի մոտ

Մի կին հանգցնում էր լույսերը

Ու կողպում մետաղե դռները

Եվ ասում.

«Գիշերը չենք աշխատում»


Խուսափեցի հարցնեմ

Թե բիձեն ուր է.

Երևի մեռել է..

Ու ժառանգել կրպակը...

Comments


bottom of page