top of page
Поиск

S O U L J O B 1, 2, 3

Обновлено: 11 окт. 2022 г.

S O U L J O B

Բորոլ համընկումները պատահական են:

Եվ ճակատագրական:

Հերոսները հորինված են: Եվ կորսված:

Իրադարձությունները դե էլ չասեմ…


Գլուխ 1


Անկարիքություն էր: Մառախուղի պես փռվող:

Անշարժություն էր: Բուրգի պես գոյացող:

Զրոյական էր: Զրոյականության ալիք էր ուղարկված:

Ինքնականգ էր:

Չստացված, թե փրկված, թե ընդհատված ինքնասպանություն էր էդ ինքնականգը:

Պարտքերից ինձ ազատել էի, բոլոր պարտքերս փակել էի:

Ահռելի կորուստներով հատուցել էի:

Ինձնից ձեռ էին քաշել տիեզերքի տերերը, աստվածները, մեղքի, խղճի զգացումները, բոլոր-բոլոր պարտատերերն ու դատավորները:

Վերջին մուխս արեցի, սիգարետը քցեցի ձյունով ծածկված գետնին:

Փողոցի աղմուկի մեջ հանգչող սիգարետի թշշոցը լսեցի:

Խաղաղ էր:




Գլուխ 2


Aftershock Republic-ում էի:

Ոչ թե շոկից հետո հանրապետությունում, այլ “aftershock republic” ակումբում` 2000-ականների վերջի Երևանի էն քիչ տեղերից, որտեղ գիշերը ավելի երկար էր տևում, քան ժամը 12-ին հնչող ու 12:01 ավարտվող հիմնը:

Ակումբին էլ տենց անուն էին դրել, որովհետև բացել էին էդ գիշերային քառակուսի սենյակը 2008-ի մարտի 1-ից հետո: Բայց դե անվանման խորհուրդն ու իմաստը ոչ մեկ չէր էլ հիշում: Չգիտեմ` տերերը ընդդիմությունից էին թե չէ, բայց ակնհայտ ռամանտիկներ էին` էդ թվերին Երևանում գիշերային ակումբ բացելով:

Ակումբ մտնելուն պես տեսա մի ծիտ ու ասեմ կարճ` միանգամից դզեց: Ու պատճառը բացարձակ իրա աչքի ֆոկուսը խլող գերկարճ զգեստը չէր: Ոչ էլ դրա տակի` ի տարբերություն երկիր մոլորակի իդեալական կլորիկ հետույքը: Չէ, պատճառը կառէ կտրվածքն էր` իմ հետագա ամբողջ կյանքում ուղղորդող սերը` լրբի կտրվածքը` կառեն:

Ընգերոջս ռոք խմբի համերգն էր: Խմբի անունն էլ` Butchers: Butchers in aftershock republic` բլոկբաստերի թույն անուն:

Ինքս ինձ ռոքնռոլշիկ կոչած` բացարձակ էդ խմբի ֆենը չէի: Գնացել էի ընգերոջս խաթր: Հա դե մեկ էլ, ոնց միշտ ա լինում համերգից հետո` աֆթռփարթիի ու դրա անհամեմատ շատ խմիչքի, քան քո գրպանի փողերն են: Իսկական ռոքնռոլը միշտ էլ ռոքնռոլի համերգից հետո ա սկսվում:

Տեսա, դզեց: Բայց էդքանը քիչ էր, բացարձակ ծանոթ չէր:

Վաճառքների առարկայի դասախոս ունեինք: Ասում էր հաջողված գործարքի 70 տոկոսը գործարքին պատրաստվելն ա: Գործարքը ես հասկացել էի որպես աղջիկ կպցնել:

Հաստ ու երկար օբյեկտիվը ձեռքին թռնում էր բեմի կողքերով էսկողմ-էնկողմ ու չըխկ-չըխկ էր անում: Ֆատոգրըֆ էր: Ու կանչել էին իրան հաստատ դրա համար, որովհետև կոնկրետ գործ էր անում:

Հերթական ապառատի չըխկոցը արեց բառի մոտ նստած Արոյի կողքից: Պիջակը շպրտել էր բառի սեղանի վրա, սառոչկեն քշտել ու բաժակի վերջի կաթիլներն էր քաշում գլուխը` հաստ ու մեծ ձեռքերով պինդ սեղմած պահելով բաժակը գլխավերևում: Լավ խմած էր երևում: Մտածեցի` օգտակար կլինի ինձ:

Մոտեցա Արոյին.

- Ի՞նչ կա, Արո: Էս փառչակների համերգին քո նման լուրջ տղեն ի՞նչ գործ ունի:

- Պադ պռիկռիտիե եմ ապե: Բարլուս:

Գրկախառնվեցինք: Նստեցի կողքի աթոռին:

- Պադ պռիկռիտիեմի համար գոնե ձեռիդ ոսկե ցեպը հանեիր, այ հարուստ:

- Էսի ցեպ չի, ժուչոկ ա:

- Եզզզ, - էս բառի մեջ տեղավորեցի հավանությունս իրա հումորի զգացումին, - Լսի հլե, Արո: Էն ֆատոգրըֆը ո՞վ ա:

Շրջվեց նայեց ինձ, հետո հետ շրջվեց, շարունակեց բաժակը ձեռքերի մեջ տրորել.

- Խի՞, ուզում ես ֆոտո անի քեզ, հա՞:

- Հա, հենց դրա համար եմ ուզում, հայվան:

Էլի ժպտաց առանց ինձ նայելու արդեն: Հեսա պատասխանը տալու էր արդեն, բայց դրա դիմաց պիտի վճարեի իմ` իրան հաճույք պատճառող անհամբեր սպասումով:

- Դե՞, Արո, ճանաչու՞մ ես?

- Չգիտեմ` ով ա, բայց Սիմոնբերգն ա կանչել:

Ձեռքով թպացրի ուսին ու ասեցի.

- Գնամ էդ եվռեյի ջեբը մի երկու կոպեկ քցեմ, պատմի ով ա:

- Գնա, գնա…

Սիմոնբերգը Սիմոնյանն էր, սիմոնբերգն էլ` իրա քձիպ շահամոլ ջհուտ բնավորությունն էր: Սաղի վրա ազդող, չդզող դեմքն էր, որին մենակ իրա շեվելյուռայի համար ուզում էիր չռփել: Ուզում էիր չռփեիր, որովհետև էդ շեվելյուռան ինքը իսկապես կոչում էր շեվելյուռա բառով:

Բեմի մյուս կողմը, ձեռքերը խաչած կանգնած էր: Մոտեցա դրան, ասում եմ.

- Բարև, եվռեյ:

- Բարև:

- Էս ֆատոգռըֆին դու՞ ես կանչել:

- Հա:

- Ո՞վ ա:

Շրջվում ա, ձեռքերը նույն ձև խաչած ու եկատերինբուրգի 70-ականների հիպպիների շեվելյուռան ճակատին ճպցրած` մուննաթը հանդիմանանքին խառնած` սենց կտրուկ ասում ա` տենց ինձ տեղը դնելով ձեռի հետ էլ.

- Ապեր, ընգերը կողքն ա, եթե չես նկատել:

Սրա դեմքին չրփելու ցանկության ուժը անցավ Շամիրամի Արային մերկացնելու իղձերին ու ռուս սալդատների ռոդինան խմած պաշտպանելու մղումներին, բայց զսպեցի, ատամների արանքից շպրտեցի`լավ:

Գնացի նստեցի էլի Արոյի կողքին: Երկուսիս մի մի բաժակ բան ուզեցի: Արոն կիսաժպիտով ու ծաղրանքով սպասում ա մի բան ասեմ: Չեմ ասում, հարցնում ա.

- Հը՞ն, պատմե՞ց:

- Հա, արգելված պտուղ ա իրա ասելով:

- Ահահա, բա ընգերոջ ընգերուհին ա, տենց պիտի ասեր:

- Որ գիտեիր, խի՞ չասեցիր, այ եզզ,- էս կոչականի մեջ մեղադրանք դրեցի:

- Դե մտածեցի դվիժենի ըլնի, կողքից նայեմ:

- Եզ ես էլի, - էս մի "եզ"-ի մեջ ներում դրեցի: Ներումս ճանաչելով` շարունակեց.

- Արի, արի խմենք ավելի լավա:

- Խմենք, ախպերս, խմենք…

Խմում էինք, դիմացներովս էլ կառե մազերով ու կարճ զգեստով հրեշն էր թռչկոտում ու ֆոտո անում:

Մի պահ էլ ապառատը ուղղեց դեպի մեր կողմ ու չխկցրեց: Մենք չհասցրինք ժպտալ, ինքը չխկցնելուց հետո ապառատը թեքեց մի կողմ, նայեց վրաս ու ժպտաց:



Գլուխ 3


Նախորդ գիշեր վիճել էինք: Երկու խելքը թափածների հերթական աննոռմալ կռիվ էր, որ հերթական անգամ վերջացել էր թույլ կողմի`իրա ուշաթափությամբ` հուզական վերջին ալիքի տակ ծածկվելով ու հանձնվելով: Ուշաթավել էր skype-ով video call-ի ժամանակ:

Թեպետ ուշաթափվածը ինքն էր, բայց անօգնականը էդ պահին միշտ ես էի: Ո՞նց ուշքի բերես skype-ով քեզանից մի քանի ծով հեռու գտնվող մարդուն: Զանգելո՞վ: Չի լսում, չի պատասխանում: Գոռալո՞վ վեբ կաբեռայի մեջ: Ապարդյունա: Անիծվեն Ցուկերբերգն ու Ջոբսը ու հատկապես դրանց հանճարներ կոչողները: Հանճարը նա կլինի, ով կհայտնագործի մոնիտոռների միջով մի բաժակ սառը ջուր ցփնելու հնարը: Գնացեք մտածեք, զադռոտներ, էս կենսական խնդրիս մասին:

Խուճապս սովորաբար տևում էր 5-10 րոպե, որի ընթացքում հիվանդագին դողդողոցով ձեռքերս սեղմում էին կնոպոչնի հեռախոսի զանգի կոճակին` նորից ու նորից: Հետո մտքիդ գալիս էր` անջատեիր skype call-ը, որ զանգես նորից` արթնացնես, ուշքի բերես գոնե սկայպի զանգի ձայնից, հետո հասկանում էիր` բա որ դա էլ չլսի, չվերցնի, իսկ էսպես գոնե քո աչքերի առաջ ա: Անօգնական ես, բայց գոնե տեսնում ես...Տեսնում ես գլխով սեղանին ընկած գզգզված մազերով ու էլ ավելի գզգզված հոգով դժբախտ աղջկան, ում սիրում ես...

5-10 րոպե անցնելուց հետո հանձնված նստում էի բազմոցին, ականջներս ուղղում նոութբուքի դինամիկին, որ գոնե լսեմ շնչառությունը` ընթացքում ջղագրգիռ մատերով ու կծող շուրթերով մի տուփ սիգարետ պրծացնելով:

Անցավ մոտ կես ժամ: Արթնացավ, ուշքի եկավ…

- Վիգ…

- Հա, սերս...

- Քնե՞լ էի...

Լռեցի: Ուշաթափվածին չես ասի ուշաթափության մասին: Թույլ ձայնով շարունակեց.

- Քնել էի…կներես...արի վաղը շարունակենք...

- Հա, հոգիս, քնի...քնի...

- Սիրում եմ քեզ...

- Ես էլ քեզ, հոգիս...

- Բարի գիշեր, Վիգ...

- Բարի գիշեր, սերս...

Տղամարդը ավելի ներողամիտ չի լինում, քան այն պահին, երբ պետք ա փրկել կնոջը...Եվ ավելի խոցելի չի լինում, երբ ի վիճակի չի դա անել...Կենդանական բնազդները ոչ միայն մղում են մեզ` տղամարդկանցս, կանանց առևանգելու, տիրելու ու փախցնելու, այլև ժամանակ առ ժամանակ փրկելու:

Սենց խառն, անհամատեղելի ու հակասական էին մեր հարաբերությունները, մեկ առանց արգելակների կրակած վիրավորանքներ, մեկ «սիրում եմ»-ներ: Մեկ իրար փայփայելու, հոգ տանելու ու խնայելու մղումներ, մեկ իրար դժոխքի ամենավերջին շրջանները ուղարկելու մաղթանքներ: Սեր կար էլի…

Քնեցրի իրան, հիմա կարելի էր անկեղծանալ: Կյանքը միշտ տարբեր էր` մինչ իրեն քնացնելը ու դրանից հետո, իր հետ ու առանց իրա: Չէ, չէ…Կյանքը չէր տարբեր, ես էի երկերեսանի: Երեսպաշտ, էգոիստ ու անպատասխանատու սրիկա էի: Այ հիմա ամբողջացավ:

Ինչի՞ էր ինձնից 5000 կմ հեռու: Բացարձակ անհաղթահարելի հանգամանքները չէին պատճառը, ոչ էլ կինոների սեր էր` ծագած տարածության վրա: Ես էի ուղարկել իրեն հեռու: Ուղարկել էի, երբ անհասկանալի ու տձև դարձած հարաբերություններում մի օր զանգել էր ու հայտնել.

- Վիգ, ուզում եմ գնամ սովորեմ դրսում...6 ամսով...Ի՞նչ կասես…

- Անպայման գնա, շանսդ բաց մի թող:

Զանգել էր, որ ասեի, չէ, գժվե՞լ ես, աղջիկ ջան, ոչ մի տեղ էլ չես գնալու, մնալու ես ինձ հետ:

Ասեցի` գնա անպայման, որովհետև մտածեցի արտակարգ հնարավություն ա ժամանակ շահելու, իրան հեռացնելու կողքիցս մինչև հասկանամ ինչ անեմ, կյանքիս բարդակը կարգի բերելու ու հետո 6 ամիս անց իրեն ընդունելու: Իրականում` ընդամենը հետաձգում էի տագնապի սիրենաները վաղուց արձակած ավարտը:

Պատկերացնում ես սիրող աղջկա հիասթափությունը ու ցավը, երբ իրան ասում են գնա, գնա իմ մոտից, հանգիստ գնա` թող մեր սերը, մեր քաղաքը, մեզ, գնա սովորի, մենք հեչ, սովորելը կարևոր ա...

Հեռախոսի էն կողմում զգացի ցավը: Դաժան բան ա`կնոջ լռության մեջ լսվող ցավը: Բայց բան չասեց, ինչպես երբեք չէր ասում, երբ նեղացնում էի իրան...Սիրում էր ինձ, ու սիրել գիտեր, ու գիտեր` սիրելուց ներելը ի՞նչ բան ա, որ չանես...

Բացատրություն չէի կարա տայի իմ` իրան ասած գնա-յին: Ախր ոնց ասեի, ոնց ասեի, որ հոգիս, անգինս, սերս, սիրում եմ քեզ, ու չգիտեմ քեզ հետ ինչ անել, ոնց ասեի, որ սիրում եմ քեզ, բայց շուտ եմ, շուտ եմ քեզ հանդիպել, շուտ ա էսքան մեծ սիրո մեջ գլխով ցատկելու համար, ոնց ասեի, որ ուղարկում եմ քեզ հեռու մինչև որ ներսիս հրեշներիս հաղթեմ...

Էդ պահին չգիտեի, հետո պիտի հասկանայի ու ընդունեի, որ էդ հրեշների հետ դաշինքի մեջ եմ, ու էդ հրեշներին ես ավելին էի սիրում, քան իրան, իսկ դրանց հետ դաշինքը ավելին էին սիրում, քան ինքս ինձ անգամ...

Քնեց...Մնացի մենակ: Մտածում էի իրա մասին: Ու էդ մտածմունքը կամաց-կամաց վերափոխվում էր մտահոգության:

Էն քիչ դեպքերից էր, երբ մտածում էի որևէ մեկի մասին: Հաճելի էր հասկանալ, որ ունակ ես դրան, բայց տհաճ էր ընդունել, որ ամեն էդպիսի մտածելուց հետո պետք էր ծանր որոշում կայացնել:

Միհատ որոշում կար, որ ավելի շուտ ելքի էր նման. ազատել էս խեղճին ինձնից: Իմ` հեռվում քիչ հավանական երջանկությունը իր հետ ավելի քիչ կարևոր է, քան իր` ինձ հետ շատ հավանական դժբախտությունը:

Պիտի, պիտի ազատեմ իրեն ինձնից…

Հիշում եմ. ծանրաքարշ ու դանդաղ ժամանակ սպանող գիշեր էր: Բայց էլ ավելի ծանրաքարշ էր եկող լուսաբացը` վերջնաժամկետը որոշում կայացնելու, որ միշտ սպառնացող ա սենց դեպքերում:

Լույսը բացվեց, օրը սկսեց…Ես դեռ թմրում էի սիգարետիս ծխիս մեջ ու մտածում որոշման շուրջ: Որոշումը միհատ էր, տարբերակը միհատ էր, բայց կամքը չկար դա անելու…Բաժանվել ա պետք: Անհապաղ բաժանվել ա պետք:

Առավոտյան 11-ի կողմերն էր: Եվս մի անգամ կարդացի կռվին նախորդող նամակագրությունը: Չէ, տարբերակը միհատ էր` բաժանվել: Կարծես կամքս սկսեց հավաքվել, բայց կամքի դեմ հիմա էլ դուրս եկան ցանկություններս...

Ու հենց դրա համար չսպասեցի իրա արթնանալուն, որ վերջը դնեմ:

Որոշեցի մի 2 ժամով պառկեմ, աչքս կպցնեմ` հույս ունենալով, որ արթնանալուն պես ցրված կլինի բաժանվելու անհրաժեշտության միտքը ու իմ բարոյական բեռի զգացումը դա անելու:

Արթնացա Վչոյի զանգից.

- Բարև, պուպսիկ:

- Բ – ա – ր- և, - աչքերս տրորելով ասեցի ես

- Էս քնա՞ծ էիր արա:

- Հաա…

- Բա գիշերը ի՞նչ էիր անում:

- Կռիվ դավի էի խաղում:

- Արա դե լավ էլի, Վիգո արա, ե՞րբ ես վերջ տալու էդ ամեն ինչին:

- Թարգի ու անցի…

Լռեց մի պահ, երևի մտածում էր շարունակեր դաստիարակչական մուննաթը թե չէ: Որոշեց չարժի. ավելի կարևոր բան կար ասելու.

- Լավ, ուրիշ բանի համար եմ զանգել:

- Ասա:

- Էսօր իվենթ կա, հիշու՞մ ես:

- Չէ, ի՞նչ իվենթ:

- Քամելեոնի փարթին ա արա, տոմսերը վերցրել եմ, վեր կաց կամաց պատրաստվի, 9-ին գնանք:

- Լավ:

- Լա՞վ:

- Հա, լավ:

- Լավը ո՞րն ա, նենց չլինի չգաս...

- Ասեցի կգամ, Վչո, հաջող...

Վեր կացա, կոֆես դրեցի: Հա գնալու էի, գնալու էի, որտև էդ ժամանակ էդ էր իմ կյանքը` էդ անիմաստ խմոցիները, անքուն գիշերները ու անհասկանալի քածերը, որ տառապում էին էքզիստենցիալ պոռնկությամբ: Էդ էն ա, երբ բոլորը սեքս են ուզում, ու բոլորը սեր են սպասում:

Մենք էլ ձգտում էինք ամեն բան վայելել ու ապրել իսկական ռոքնռոլին բնորոշ սկզբունքով` գերակատարված, այսինքն` չափն անցած:

Սուրճս պատրաստվում էր` կամաց թշշալով: Քարացած նայում էի ջեզվեին: Հետաձգում էի մտքերը իրա մասին, մինչև որ ամբողջովին նոր օրվա մեջ ինձ զգամ: Սուրճը փրփրեց, բարձրացավ ու թափվեց: Սթափվեցի, արագ հանեցի կրակի վրայից: Ինչքան մնացել էր ջեզվեում, լցրեցի բաժակի մեջ:

Կումս արեցի կոֆեի, սիգարետս վառեցի, փչեցի, հետաձգեցի, երկրորդ մուխս արեցի, փչեցի, էլ չստացվեց հետաձգել, ստիպված մտածեցի…

Անիծվի աշխարհը, անիծվեմ ես, բան չի փոխվել...Պետք ա, պետք ա բաժանվել...


------------------------------------------

Հանդիպեցինք Վչոյի հետ Քամելեոն ակումբի մուտքի մոտ: Մինչև էդ էլի ինչ-որ տեղ խմոցու էր մասնակցել, վիզ դրած համոզում էր որ հետը գնայի, մի կերպ ցրեցի. մի խմոցին կձգեի էս տրամադրությամբ, երկրորդը`չէ:

Հերթական անգամ նեղացավ` դավաճանության մեջ համարյա մեղադրելով ինձ: Ցանկացած վատ ու անմիտ բաներ անելուց իրան չմիանալը դիտարկվում էր որպես դավաճանություն: Հարսանիքին իմ չգնալը կներվեր, բայց նախորդող մալչիշնիկի վերջում քաղմասում հայտնվելուն չմասնակցելը` ոչ:

Եկավ, քեֆը միլիոն էր արդեն: Մտանք ներս: Ներսն էլ սաղ ծանոթ ժողովուրդ: Քամելեոնը սիրում էի ներսի բալկոնների համար, որ կախված էին ուղիղ տանցպոլի վրա ու վերևում գտնվողի համար կատարյալ դիտարան էին ապահովում:

Սաղին բարևելը տևեց մի կես ժամ: Վչոն մի տեղ կորավ: էդ լավ էր:

Մի 2 բաժակ քցեցի, 3-րդը վերցրի գնացի բարձրացա բալկոն: Մեկ էլ ու՞մ տեսնեմ: Ֆատոգրըֆը: Վերևից չխկցնում ա բոլորին: Գնացի նստեցի իրանից մի քանի մետռի վրա` լաունջոտ նստատեղերին: Չէ, ոչ մի ծուռ միտք չունեի, էս տրամով նոր ծտի հավես հաստատ չունեի...

Նստեցի, քունս տանում էր, գլուխս խմիչքից ու նիկոտինի overdose-ից ֆռռում էր: Բաժակը դրեցի գետնին: Ձեռքերով երեսս փակեցի: Մի 2 ձեռք էլ լիներ, ականջներս փակեր, էս ցքցքոցը չլսեի:

Նստած եմ` ձեռքերով դեմքս փակած: Մեկ էլ մեկը բզում ա ձեռքիս: Ձեռքերս քաշում եմ, աչքերս բարձրացնում, տեսնեմ ինքն ա, պապարացին.

- Բարև Ձեզ:

- Բարև:

- Որ խնդրեմ, ինձ մի հարցում կօգնե՞ք:

- Կփորձեմ առնվազն:

Ժպտաց: Նայեց, երկար նայեց, հետազոտում էր:

- Որ խնդրեմ, ներքևի մարդկանցից մեկին կասե՞ք բոլորով վերև նայեն, որ ֆոտո անեմ, - լռեց, լռում էի նաև ես, շարունակեց, - Ուղղակի ես ոչ ոքին չեմ ճանաչում:

Բարձրացա տեղիցս, մոտեցա պեռիլաներին բալկոնի: Բոլորը ծանոթ էին: Ծանոթ էին ու խմած: Կողքի սեղանի վրայից վերցրեցի գարեջրի բացած փական, գցեցի ծանոթ տղերքից մեկի ոտքերի տակ: Նայեց վերև, գոռացի էն, ինչ ուզում էր պապարացին:

Բոլորով նայեցին վերև, չըխկցրեց: Շրջվեց դեպի իմ կողմ, ասեց.

- Մերսիիի…

Գլխով արեցի ու ասեցի.

- Մինչև կյանքի վերջ ինձ պարտք եք:

Ժպտաց, համարյա ծիծաղեց: Սպասում էր իմ պատասխան ժպիտին, որ հասկանար` կատակ էր: Ես դեմքիս քարացած մկաններով իրեն եմ նայում: Լրջացավ, զգուշացավ, համարյա վախեցավ: Ժպտացի: Թեթևացավ:

Գնացի նստեցի հին տեղս: Կիսատ բաժակս դատարկեցի ու հասկացա, որ մի նոր կիսատություն սկսվեց հենց նոր:

Comments


bottom of page