top of page
Поиск

S O U L J O B_10

Գլուխ 10

Գիշերը նոր էր սկսել: Բառի մոտ նստած էի: Ես էի ու բաժակս: Բաժակները շատվորով էին ու խոստանում էին էլ ավելի շատանալ, ինչպես իրավիճակս էր բարի ու խոստանում էր էլ ավելի բարիանալ, երբ կողքիցս լսեցի ծանոթ ձայն:

- Կներեք, որ խնդրեմ մի աթոռ էն կողմ կնստե՞ք, - դիմում էր Մարիան կողքս նստած եզին, որը խմածությունից ճոճվում էր աթոռի վրա, ու ես էլ կես ժամ ա սպասում էի դրա ընկնելուն:

Տղամարդը նայեց Մարիային, հետո նրան, ում կողքին ուզում էր նստել աղջնակը` ինձ, ու առանց խոսքի մի աթոռ հեռու գնաց: Մարիան բարձրացավ կողքիս աթոռին ու ասեց.

- Բարև:

- Էլի դու, - գլուխս իր կողմ թեքելով, բայց վրան չնայելով ասեցի ես:

- Էլի ես ու միշտ ես: Նայի, - ապառատը ուսից հանելով ու էկռանը ինձ մոտեցնելով ցույց տվեց իմ ֆոտոն բառի մոտ նստած` մեջքից նկարած: Լավ ֆոտո էր` կինոշնի ու ավատառի արժանի` չհաշված կողքիս եզին:

- Լավն ա, - ասեցի:

- Լավն ես, - ասեց ու մոտեցած բառմենին դիմեց, - ինձ մարգարիտա կպատրաստե՞ք: Ու գումարեք էս տղու հաշվին:

- Գործի ժամանակ խմում ես, հա՞:

- Քո հաշվին հա:

- Լավ…Բայց էդ դեպքում իմ ուզածը կխմես, - ասեցի ու դիմեցի բառմենին, - Մարգարիտան փոխի Ադիոսով:

- Ուզում ես հարբացնես ինձ, հա՞, ու հետս մի բան անես, - լկտի ժպտալով ու սեթևեթելով ասեց:

- Չէ հա, քեզ գրկած տուն տանողը չեմ:

Դեմքը ծամածռեց վրես ու թեման փոխեց.

- Ես մի կես ժամից կվերջացնեմ, դուրս գա՞նք իրար հետ:

- Ինձ ստեղ էլ ա լավ, հոգիս:

- Չէ, դուրս գա՞նք իրար հետ:

- Ինձ ստեղ էլ վատ չի, հոգիս:

Կանգնեց բառի աթոռին, ձգվեց իմ կողմ, ձեռքերը հասներ գլխիցս կբռներ, կթեքեր: Նորից ասեց նույնը, էս անգամ պնդողական, ոչ թե հարցական:

- Չէ, դուրս գանք իրար հետ:

Աթոռը թեքեցի իր կողմ, խոսակցության ընթացքում առաջին անգամ ուղիղ վրան նայեցի ու հարցրի.

- Ինչի՞:

- Ուզում եմ:

- Իսկ ինչի՞ ա քեզ թվում, թե քո ուզածը միշտ պիտի լինի:

- Սովոր եմ տենց:

- Ուժեղ փաստարկ ա, - ասեցի ու անիմաստ համարելով հետը վիճելը, աթոռն ու հայացքս թեքեցի դեպի բառը:

- Հա չէ՞:

- Շտանգ ա կբարձրացնի:

- Իսկ քե՞զ նստած տեղից:

Լռում եմ: Ձգվում ա դեպի ինձ, որ հայացքս բռնի:

- Պա՜հ, չես ուզում` մի արի, - ակնհայտ բլեֆով ու նեղացվածություն իմիտացնելով ասեց:

Նայում եմ վրան: Էդ պահին կապույտ թույնով բաժակը բերում դնում են սեղանին, վերցնում ա ձեռքը, ձողիկը դնում բերանը, իջնում աթոռից, անմեղ ու կլորացված աչքերով ինձ նայում ու ասում.

- Կես ժամից դրսում քեզ կսպասեմ: Կուզես` կգաս, չես ուզի` հեչ էլ գաս...

Ու բաժակը ձեռքին գնում ա մոտիցս:

Կես ժամից sms եմ ստանում, որ սպասում ա ինձ: Կիսատ բաժակս ձեռքիս դուրս եմ գալիս, դրսում խիտ սպիտակ մշուշ էր կանգած, որ տարածվում ու հաղթում էր գիշերվա մթին: Աջ, ձախ եմ նայում, չեմ տեսնում իրան: Ետ եմ նայում, տեսնում եմ` ապառատով դեմքը փակած` քարից աստիճաններին նստած: Չխկացնում ա, հետո նայում ա էկռանին ու ասում.

- Դու` ինձ փնտրելուց:

Մոտենում եմ: Նստում եմ կողքը: Սիգարետ եմ դնում բերանս, վառում.

- Ինձ էլ կտա՞ս, - հարցնում ա:

Վառածս սիգարետը տալիս եմ իրեն, նորը դնում բերանս վառում.

- Ինչ կա՞, - հարցնում եմ:

- Ոչինչ, - ծուխը փչելով արտաբերում ա, - boring, boring, boriiing...

- Կարծում ես` ինձ հետ չես ձանձրանա...

- Հույս ունեմ…Չեմ ձանձրանա, չէ՞:

- Ով գիտի, ով գիտի, բայց հույս ինձ հետ մի կապի:

- Բա ի՞նչ կապեմ քեզ հետ:

- Ուզում ես կապվե՞լ ինձ հետ:

Էդ հարցիս վրա բառից մի քանի հոգի դուրս եկան, Մարիան հայացքը կտրուկ թեքեց իրենց կողմ ու զգուշացավ, հետո կանգնեց ու ասեց.

- Արի գնանք էստեղից:

- Ինչի՞:

Մտածեց, հետազոտեց, սպասեց, պատասխանեց.

- Չեմ ուզում մեզ տեսնեն:

- Ինչի մենք ի՞նչ ենք անում: Դավաճանու՞մ ենք:

Նայեց վրաս կանգնած տեղից կռացավ դեպի ինձ ու մեր արանքում սանտիմետրեր թողնելով հարցրեց.

- Կդավաճանեի՞ր ինձ հետ:

- Ընդունե՞մ որպես առաջարկ:

- Չէ, - ասեց, ետ քաշվեց ու էդ ետ քաշվելու մեջ զգուշանալ տեսա:

- Դե երբ որպես առաջարկ կհնչեցնես, էդ ժամանակ էլ կպատասխանեմ հարցիդ: Զուտ հետաքրքրությունդ չեմ բավարարելու:

Նայեց ինձ, երկար նայեց, էլի հետազոտում էր իրեն բնորոշ ձևով, ասեց.` արի գնանք, խնդրում եմ: Որոշեցի իրեն ավելորդ անհարմարություն չտալ, դատարկեցի բաժակս, դրեցի քարին ու վեր կացա տեղիցս, քայլեցինք: Օլոր-մոլոր ճանապարհներով դուրս եկանք կասկադի բարձունքներից մեկի վրա: Նստեցինք մի տեղ: Քաղաքը չէր երևում, բոլոր կողմերից պաշարված էր մառախուղով: Նոր էի սիգարետ դրել բերանս, երբ էլի ասեց` ինձ էլ տուր, ստիպված վառածս տվեցի, նորը էլի հանեցի: Ծխեց փչեց քաղաքի կողմ, ավելի ճիշտ դեպի մառախուղը, որի մեջից միայն ամենավառ լույսերն էին թափանցում: Հարցրեց.

- Լավն ա, չէ՞, Երևանը:

- Լավ ա, որ չի երևում:

- Չե՞ս սիրում Երևանը:

- Ատում եմ: Բայց կախված եմ իրանից:

- Ինչի՞:

- Ինչի՞ եմ ատում թե ինչի՞ եմ կախված:

- Երկուսն էլ:

- Խեղդոց քաղաք ա: Շունչ ու արտաշունչ հաշվող: Վերջին ու դատարկ կանգառ ա: Կրկնվող, առանց ճակատագրի, անցյալ չմարսող, ապագա չխոստացող: Ճակատագիրը չի աշխատում էս քաղաքում: No Fatum: Ու տգեղ քաղաք ա: Կրծած, կիսատ, կիսատը ավիրած, վրան նոր կիսատություն տնկած, ու սպասումով թե երբ պիտի իրան էլի քանդեն ու էլի կիսատ թողեն սարքելը: Անվերջ փորձում ա տեղանքից քաղաք դառնա, բայց չի ստացվում: Ինչ-որ անհնարինության անեծք կա էս քաղաքում: Դիմացի Արարատի պես:

Վերջացնելուց նայեցի իր կողմ: Ուշադիր ինձ էր լսում ու նայում: Նորից հարցրեց.

- Իսկ ինչի՞ ես կախված:

- Որովհետև էդ նույն անեծքով մենք բոլորս կապված ենք էստեղ` կապկպված ենք: Անցյալը ստեղ անցյալում չի մնում, ոչ մի բան չի ավարտվում մինչև վերջ, որ թողես գնաս: Երևանից հեռանալ անհնար ա, պետք ա փախչել:

- Carthago Delenda Est:

Զարմացած վրան նայեցի: Ինձ շատ հարազատ ու գրվածքներումս մեկում օգտագործած արտահայտությունը ասեց.

- Կարթագենը պետք ա ավիրվի, չէ՞, ոնց ասում էիր գրածումդ:

- Կարթագենը կավիրվի, - ժպտալով պատասխանեցի:

- Ու ես կփախչեմ ստեղից, - նորից նայեց քաղաքին:

- Ու՞ր:

- Հեռու, օվկիանոսից էն կողմ...Ամերիկա:

- Ամեռիքա~…Քոքա Քոլա, վոնդեռ բռա…

- Դու չե՞ս ուզում փախչել, - նայեց ինձ ու ստիպեց ինձ էլ նայել իր վրա:

- Երևի կուզեմ: Ստիպված կլինեմ...

- Ես կփախչեմ: Հետո կգամ հետևիցդ, թե կուզես:

- Ինչի՞ համար կգաս հետևիցս:

- Որովհետև կուզեմ:

Հայացքները սառեցին: Երկկողմանի ընկալված սպասում էր, որ ավարտվելու էր համբույրով: Վայրկյաններ էին մնացել: Հանկարծ տեղից վեր կացավ ու առանց վրաս նայելու ասեց.

- Ես պիտի գնամ:

- Ու՞ր:

- Տուն:

- Դե սպասի` ճանապարհեմ քեզ:

- Չէ, պետք չի, մենակ կգնամ:

- Ուշ ա…

- Մինչև Տերյան կհասնեմ մենակով, - մոտեցավ, համբուրեց թուշս ու արագ-արագ թռչկոտելով իջավ կասկադի աստիճաններով, ու մտնելով սպիտակ մշուշի մեջ` անհետացավ կարճացած տեսադաշտիցս:

Ու էլի անորոշություն թողեց իրենից հետո: Բայց դիտավորյալ չէր, ինքն էլ էր անորոշ, ինքը հենց չէր կողմնորոշվում, թե ինչ էր ուզում ինձնից: Թե ինչ էր ուզում, ինչ արժեր ու ինչ հնարավոր էր ուզել ինձնից:

Comments


bottom of page