Գլուխ 16
Մայիս 15: Արթանացա ծեգին զանգից.
- Վիգեն Գոռոզյա՞ն:
- Վաենկամատի՞ց ա:
- Չէ, փոստից, նամակ ունեք:
- Վաենկամատի՞ց ա:
- Չէ, ծանուցագիր չի: Հասարակ նամակ:
- Դե ուրեմն կսպասի մինչև ցերեկ…
Անջատեցի: Նայեցի ժամին: Ցերեկվա 2-ն էր: Մի կերպ դուրս շպրտեցի ինձ անկողնուց: Մոտեցա լվացարանին: Բացեցի ծորակը: Մարմինս դեռ քնած ջերմության մեջ էր: Սպասեցի, որ ծորակի ջուրը հոսելով ազատվի սեփական ջերմությունից և վերջնական սառի: Կպցրեցի միմյանց ձեռքերի ափերը, մոտեցրեցի այն հոսող ջրի տակ, հանկարծակի սառնությունից ձեռքերս մեկ վայրկյանաչափ ցնցվեցին, ջուրը լցվեց ու թափվեց ափերից: Ջրով լի ափերի հյուսվածքը կտրուկ շփեցի երեսիս: Արթնացա...
- Ասե՛ք, քաղաքացի՛, - արհամարհանքով, առանց վրաս նայելու կիսափակ բերանի ծայրով շպրտում ա վրես խոսքերը թոշակի տարիքն անցած սովետական կարոտախտով տիկինը.
- Վիգեն Գոռոզյանն եմ:
- Հաա, երիտասարդ բուռժույի առավոտը միթե՞ արդեն վրա հասավ:
- Նամակս տվեք, ծյոծ:
- Անձնագիր:
- Ինչի՞ սահման եմ անցնում:
- Կարգն է էդպիսին. պետք է հաստատեք որ դուք Վիգեն Գոռոզյանն եք, որպեսզի ստանաք նամակը` ուղղված Վիգեն Գոռոզյանին:
- Լսեք, չեմ բարձրանալու մի կանգառ վերև, նորից իջնեմ, Վիգեն Գոռոզյանը չլինեի` ի՞նչ պիտի իմանայի որ նամակ ունեմ: Հեսա, - հանելով հեռախոսը` բացեցի վերջին զանգերը, - հեսա, դուք եք զանգել ինձ:
Սովետական ժավըռընըկ գռաժդանկայի պարտիական կեցվածքով տիկինը առանց բառ ու անգամ առանց դիմային մկանի շարժման նայում ա ինձ: Լռում ենք միասին: Էս լռության մեջ պարապ ու ամբողջ փոստում միայնակ աշխատող տիկինը ինձ հաստատ հաղթելու էր:
- Լավ, - ասում եմ, - լավ, - ձգվում եմ դրամանապանակին, երկու հատ 1000 դրամանոց հանում դնում եմ ստոյկային, հետո մտածում եմ ավելորդ բանակցություններից խուսափելու մասին ու միհատ էլ եմ չարենց հանում դնում հների վրա:
- Հիշվող ազգանուն ա, դժվար շփոթեք:
3000 դրամը իսկույնևեթ փոխում ա դիրքավորումը` ստոյկայից դեպի ծյոյի գրպանը ու ծյոծի հաստ ոռը շարժվում ա պահեստ նամակս բերելու: Քիչ առաջ բանավոր կնքված հանցավոր համաձայնության արդյունքում ամեն մեկս հեշտացրեցինք մեր կյանքը ու առաջ շարժվեցինք մի քանի օրենքների վրայով: Էդպիսին էր սերժական հրաշք ազատ Հայաստանը: Հա, հա, ազատ Հայաստանը, ազատ էինք բոլորս, բոլորս կաշառատու ու կաշառակեր էինք, բայց ազատ էինք, ոչ մեկիս չէին բռնում. ազատությունը էլ ոնց ա լինում: Վճարվում էին բոլորը` բոլորի կողմից: Հանցագործ էինք ամեն մեկս, հանցակից էինք մեկս մյուսին, կապված քարկապներով անշարժացել էինք էդ հայաստանում, անշարժացել, դանդաղել, կայունացել, անխախտ ու անհողդողդ դարձել, լճացել և վերջում ճահճացել: Կանգառի պառկովշիկից մինչև նախագահ Սերժ: Բոլորս դժգոհ էինք, ժողովուրդը Սերժից, Սերժը ժողովրդից, բայց անշարժ էինք բոլորովս` կապված իրար` սահուն ու դանդաղ սուզվելով մեզանից կազմված ճահճում` առանց ընթացք Հայաստանում: Ու բողոքում էինք, բողոքում էինք առանց հույսի` առ փոփոխություն ու առանց կամքի` փոփոխություն իրանացնելու, բողոքում էինք, որ իմանայինք, որ ազատ ենք բողոքելու համար, իսկ որ ճիշտն ասեմ` բոլորս լավ էլ հարմարվել էինք էս շուկայական անելանելիության մեջ, հեշտ, հարմար, կայուն ու ազատ էինք զգում, որովհետև մի կանգառ չէինք բարձրանալու ու իջնելու: Ուսանողական տարիներին մի կիպրոսցի ուսանողի հետ էի ծանոթացել: Հարցիս, թե ինչ վիճակ ա կոռուպցիան ձեր երկրում, գլուխը բռնեց ու ասեց. “Եղբաաա՜յր, մենք թուրքի դեմ կռվելու ենք մեծ բասեիններով”: Մենք էլ էինք հանգիստ ու վստահ, որ թուրքի դեմ կռվելու ենք առաջ տված բալկոններով : Դե հույների չափ հարուստ չէինք: Ինչևէ...
Բերում ա ծրարը, ստորագրում եմ, նամակը վերցնում եմ, որոշում եմ չլռեմ.
- Ներողություն, Ադլեռի պուծյովկին ինչքա՞ն մնաց:
- Այսի՞նքն:
- Չքնաղ ազատ երկրի ժամանակ պետական պուծյովկով ադլեռ սանատորիա էիք, չէ՞, երևի գնում: Ինչքան տարի ա չեք եղել, ինչքա՞ն մնաց փողը հավաքվի: Մինչև թոշակ կհասցնե՞ք:
- Ազատ եք, քաղաքացի՛:
- Քաղաքացի չի, պարոն Գոռոզյան ա` բուռժուական կապիտալիստական խավերի բաժանող չքնաղ դիմելաձևը: Ցտեսություն:
- Տղա ջա՛ն, զգույշ էղի՛ հաջորդ անգամ նամակդ չկորի:
- Հաջորդը վաենկամատից ա, թող կորի-կորչի գրողը ծոցը:
Մտա տուն, սուրճս դրեցի, կողքը մոխրամանը: Բացեցի ծրարը.
« Հարգելի_________Վիգեն Գոռոզյան(ծուռտիկ մուռտիկ ծեռագրով գրված)
Մարիա Ահարոնյանը և Ավետիս Ավետիսյանը պատիվ ունեն ձեզ հրավիրելու իրենց նշանադրության արարողությանը, որը տեղի կունենա 2010 թվականի մայիսի 25-ին ժամը 15:00-ին «Blackberry» լաունջ-ռեստորանում (հասցե` 0001 Ք. Երևան, Աբովյան 3) :
Սիրով սպասում ենք Ձեզ:
Խնդրում ենք ստորև ներկայացված հեռախոսահամարներից մեկին զանգով հաստատել ձեր ներկայությունը: »
Նամակի վերջում ներկայացված երկու համարներից առաջինը Մարիայինն էր, երկրորդը` հավանաբար Ավետիսինը: Որոշեցի հաստատեմ ներկայությունս ու հավաքեցի առաջին համարը:
- Այո, պարո՛ն:
- Ստացա հրավերը:
- Այոո, դուք հրավիրված եք, պարոն, կարող եք մի հոգու ևս Ձեզ հետ բերել...բայց ոչ աղջիկ:
- Դու տղու հետ ես գալիս արարողությանը, ես աղջկա հետ չե՞մ կարա գամ
- Ես քեզ հետ եմ գալիս արարողությանս:
- ...Լավ: Blackberry-ում, հա՞` ամենագլամուռ տեղում քաղաքի:
- Այոո՜…Ես տենց աղջիկ եմ:
- Փեսուն փոսը գցո՞ղ:
- Ոչինչ, թող միքիչ էլ ընկնի:
- Բա ԶԱԳՍ չե՞ք գնալու:
- Գնալու ենք, բայց մտածեցի քեզ էդ հատվածը հետաքրքիր չի լինի , դրա համար միանգամից blackberry եմ հրավիրել:
- Լավ, բայց բաժանվելուդ արարողությանը կկանչես զագս:
- Ոնց ասես:
- Ի դեպ, ե՞րբ ես պլանավորում բաժանվելդ:
- Երբ որ հասնեմ ամերիկա:
- Վաաա՜յ, Մարիա, Մարիա…
- ԻԻի՜նչ: Կգաս, չէ՞:
- Ամերիկա՞:
- Չէէ, վայ, նշանադրությանը:
- Չգիտեմ, եթե սիրուհիներիցս ոչ մեկ էդ օրը նշանադրության չհրավիրի, կգամ:
- Կգաս, հաջող:
Անջատեց հեռախոսը: Ծխեցի, զանգեցի Արոյին:
- Կյանքում սիրեկանի կողմից հրավիրվե՞լ ես հարսանիքի:
- Եզը կանչե՞լ ա քեզ:
- Հա, քեզ էլ:
- Ահահահա, արա բայց իիի՜նչ եզզզ ա, ահահա.... Հա, ազիզ կգամ, մեռսիս վրա բանծիկներ կկապեմ կգնանք:
Մայիս 25: Արթնացա ծեգին Արոյի զանգից.
- Հե՛լ. արա՛, օրը ճաշ դառավ, ավտոն լվացել եմ, բանծիկներ են գնում առնեմ: Հել, կաստյումդ հագի, հեսա կգամ հետևիցդ:
Մի կերպ դուրս շպրտեցի ինձ անկողնուց: Կաստյումը պարզ էր` ինչ էի հագնելու. միհատ էր: Սկսեցի պահարանում թերթել սառոչները` երկնագույն, վարդագույն, սպիտակ, սև....Սևը կհագնեմ, սևը: Դզվեցի, փչվեցի, հայելուն նայեցի` տոնական էի:
Նստում եմ Արոյի պլպլան ու ռոզըվիյ բանծիկներով ավտոն: Արոն էլ էր պլպլում` զուգված զարդարված ու սև սառոչով: Տոնական էինք:
- Էս դու՞ էլ ես սև հագել,- հարցնում ա:
- Ոնց տեսնում ես:
- Ահահա, դզում ա, դե հյուրերի մեջի սևերը մենք ենք լինելու էլի: Շատ մարդ ա լինելու՞:
- Տեղյակ չեմ, բայց կլինեն էլի...
- Մեզ որպես ո՞վ ա ներկայացնելու:
- Տեղյակ չեմ,բայց դե հարսիկի կողմից ենք էլի պա լյուբոմու:
- Լավ, - ասեց, մագը միացրեց իրա տանայ-նինայով ու ուրախ դեմքով շվշվցնելով ճռռիկով պոկեց տեղից մերսեդեսը: Արոյին դզում էր էս իրավիճակը:
Հասնելու երկու խաչմերուկ էր մնացել, երբ ձայնը երաժշտության ցածրացրեց ու ասեց.
- Ազիզ, եթե մարդ ես մի բան լինի…Ես ավտոն մոտիկ կկանգնացնեմ…Եթե մարդ ես մի բան լինի, սաղ ցեղին տփել չենք կարա…Դրա համար, արագ խփում, թռնում ենք ու նստում ավտոն փախնում…Լա՞վ:
- Չի լինի ոչ մի բան էլ, Արո…
- Դե մարդ ես…
- Լավ, կանտռոլի մանյակ:
Հասանք, դիմացը կանգնելու դեռ տեղեր կային, հյուրերը նոր-նոր մտնում էին ներս: Մուտքի մոտ հարսիկն ու փեսացուն էին: Հարսիկը արտակարգ` կարգից դուրս ու արտասավորո` սովորականից դուրս, սիրուն էր: Ու հավանաբար արտակարգ ու արտասովոր կեղծ էր: Դուրս եկանք, մոտեցանք մուտքին: Հերթի մեջ էինք. մտնողները հերթով համբուրում ու գրկում էին նորապսակներին, շնորհավորում, մի 2 բառ փոխանակվում ու անցնում ներսի սրահ: Հերթի մեջ տրորվեցինք մի քանի րոպե, նայում էի Արոյի ուրախ դեմքին.
- Նենց ես ուրախացել, ոնց որ իմ հարսանիքին ես եկել:
- Ահահա, չէ, ազիզ, քոնին էսքան ուրախ չեմ լինի:
Մնաց մի ծեր զույգ մեր դիմացը: Համբուրեցին, մաղթանքներ ասեցին, մտան ներս: Մենք մոտեցանք: Հարսիկը ուրախ ժպտում էր: Ու էդ ուրախության կեղծի ու ճշտի սահմանը չէր ընդգծվում: Գրկեց ինձ, առանց հպվելու այտս համբուրեց օդում: Հետո գրկեց Արոյին:
- Շնորհավորու՜մ եմ, Մարիա: Արտակարգ տեսք ունես:
- Շնորհակալ եմ, Վիգեն ջան, - ասեց ու շրջվեց փեսացուին, - Վիգենին չես ճանաչում չէ: Ինձ շաաատ հարազատ ընկեր ա: Սիմոնյանի կուրսեցին ա ի դեպ:
Ձեռքս մեկնեցի փեսային, սեղմեցի.
- Շնորհավորում եմ: Արտակարգ կին ունեք:
- Շնորհակալ եմ:
Հետո Արոն մեկնեց ձեռքը, մեկնելը որն ա, մի երկու մետր վերևից ճտցրեց ձեռքին, սեղմեց մեծ ու չաղ ձեռքերի մեջ ու ուրախ բացականչեց.
- Շնորհավոոո՜ր, ախպեեեե՜րս:
Հյուրընկալը տարավ նստացրեց մեզ հարսի ընկերների սեղանի մոտ: Սիմոնբերգը` եվռեյ շեվելյուռան, նստաց էր փեսու ընկերների սեղանի մոտ: Հարսիկն ու փեսացուն մտան ներս ու բարձրացան իրենց սեղանի մոտ: Հարսիկը վրաս չէր նայում, թեպետ ուղղիղ ու չընդհատվող գծի վրա էինք իրարից:
- Սիրուն ծիտ ա էլի, հո զոռով չի, - ասեց Արոն ու անցավ ուտելուն` պարբերաբար իմ ափսեն լցնելով:
Հետո սկսեց փուլային հաջորդական ձանձրալի գործընթացը. երաժշտություն, կենացներ, երաժշտություն, կենացներ, սիրո օրհներգումներ…Սիրո կենացները կարող են մրցել կեղծավորության մեջ նախընտրական քաղաքական խոստումների հետ, պարզապես մի տեղ խոստանում են, մի տեղ՝ մաղթում: Սերը կենացներ կամ օրհներգներ չի հանդուրժում, միայն տխուր բանաստեղծություններ…
Հարսիկը շարունակում էր հայացքը փախցրած պահել ինձնից, բայց գրում էր ինձ սեղանի տակից…Էդ օրը սովորականից սենտիմենտալ էր գրում: Ու խոստումներ էր տալիս: Քիչ առաջ օրենքի ատյանի առջև գրավոր ստորագրությամբ սուտ խոստում տված օրիորդը հիմա սենտիմենտալ խոստումներ էր տալիս ինձ...
Դադարեցի պատասխանելը: Մի երկու բաժակ խմեցի: Արոն հասցրել էր 4-ը խմել ու հետս թաքուն խմում էր իսկական սիրո կենածը. «Սիրո կենացը խմենք, ախպերս...Էսի սաղ հեչ, էս սրանք կայֆեր-կայծեր են, իսկական, իսկակա՜ն սիրո կենացը... որ դեռ կհանդիպի մեզ»: Երրորդը խմեցի: Գնացի զուգարան` կենացները ու երաժշտությունը խլացնելու: Լվացարանի մոտ սիգարետ վառեցի, նայեցի արտացոլանքիս հայելու մեջ. հիշում եմ, տարիներ անց հիշում եմ էդ արտացոլանքս. երիտասարդ էի, եռանդով լի, տոկուն, հոգիս ալեկոծվող էր, հանգիստ չէր, չար էր ու ավյունով լի: Նիհար էի ու ոսկորոտ, բայց պինդ էի ու ձիգ: Հարմարվող չէի, հանձնվող չէի...
Կենաց էին խմում, տարիքով մի մարդու խոսքերը հասնում էին ականջիս. «Մարիային ու Ավետիսին ճանաչել եմ շատ շուտվանից...Դեռ էն ժամանակից, երբ իրենք միմյանց լավ չէին ճանաչում...»: Էս խոսքի վրա մտածեցի, որ երբեք չեմ հարցրել Մարիային թե ինչպես են ծանոթացել, հանդիպել իր ամուսնյակի հետ: Երևի հետաքրքիր չէր. կեղծիքի մեջ ի՞նչ իմաստ կար խորանալու: Բայց մի՞թե իսկզբանե էր ամեն բան կեղծ: Ձայնը շարունակում էր. «Կան զույգեր, որ նայում ես ու ասում ես` սազում են, կան զույգեր, որ նայում ես ու ասում ես` կհարմարվեն….Բայց Մարիայի ու Ավետիսի դեպքը կատարյալ էր` կարծես ստեղծված միմյանց համար եվ հանդիպումը էդ, վստահ եմ, որ ճակատագրով կանխորոշված էր…»: Փռթկացի, էդ պահին զուգարան մտավ Մարիայի մտերիմ ընկերուհին` բարևեց ինձ, խորամանկ ժպտաց` գաղտնիքի իմացությունը մատնելով: Ու մտավ կանանց առանձնասենյակը: Ձայնը ավարտում էր. «Վստահ եմ, որ ձեր սերը հավերժ է լինելու, բայց դուք էլ պիտի փայփայեք այն, փոխանցեք այն ձեր երեխաներին…»: «Հենց հասնեմ ամերիկա», - հիշեցի Մարիայի խոսքերը...Ընկերուհին դուրս եկավ կանացի զուգարանից, սիգարետ խնդրեց, տվեցի, վառեցի, փչեց, նայեց վրաս, մտածեց ուասեց.
- Ես գիտեի, որ ինքը քեզ կհրավիրի, բայց չէի մտածում թե դու կգաս....
Լռում եմ, ինքը սպասում ա պատասխանի: Պատասխան չունեմ` ինչի եմ ստեղ: Համենայն դեպս համոզիչ բացատրող պատասխան: Ասեցի.
- Ուրիշ պլաններ չկային էսօր:
Նայեց վրաս, բավարարող բացատրություն չէր ստացել, մի երկու հատ էլ փչեց սիգարետի ծուխը, հետո կիսատ հանգցրեց լվացարանի ջրի տակ ու գցեց աղբարկղը, ժպտաց ու գնաց:
Կենացը ավարտվեց ո ւ dj-ը միացրեց Oliver Koletzki “Hypnotized”...
I catch your eyes, try not to smile I track your style I feel your vibes
We have a drink, then go outside Talk for a while and then we kiss And then we kiss and then we kiss We play the game, we start to move I feel my heart, you feel the beat I take your hand, you turn round slow We start to feel it's time to go
Right, morning will hit the sky And it's no surprise I'll wake up with you Right, I shouldn't compromise I don't have to think twice what to do
You got me hypnotized, you got me hypnotized You got me hypnotized, so you know what to do...
Չէ՛, գրողը տանի՛, էս չափազանց ա անգամ ինձ համար: Իմ ու Մարիայի երգն էր: 100 անգամ ա ուղարկել էր էս երգը կամ դրա բառերը ինձ: Երգի բառերը կարծես պատմեին մեր պատմությունը` Մարիայի տեսանկյունից…Չգիտեմ, Մարիայի պատվիրածն էր, թե dj-ի նախաձեռնությունը հենց էս կենացի վրա էս երգը միացնել` ճակատագրի հեգնանք, էն ճակատագրի որին հղում էր տալիս քիչ առաջ թամադան իր կենածում, բայց հասկացա, որ էս արևային կրկեսը ինձանից ազատելու պահն ա: Չգիտեմ, ներքին անհերքելի ու անհաղթահարելի մղում էր` արագ գնալ ստեղից: Ինչ-որ անտեղիություն կար…Ես ինձ հաճախ կարող էի զգալ անտեղի տարբեր իրավիճակներում: Անտեղի, օտար, կողմնակի, անմասն, դիտորդ…Տհաճ զգացում էր, որ կարող էր պատել ինձ ամենատարբեր բայց ապրումներով լի իրավիճակներում` գիշերվա հազարին ամենամարդաշատ ու ուրախ ու խմած հավաքույթին, Մարիայի հարսանիքին կամ Լառայի կրծքիս երջանիկ քնած լինելու ժամանակ…Էդ օտարությունը հանկարծակի բայց վստահ մտնում էր միշտ իմ ու իմ միջև, իմ ներքին խորքային եսի ու իմ արածի, իմ ձեռքբերածի, իմ ավիրածի, իմ պայքարածի ու իմ զգացածի միջև…Ու էդ օտարությունը միշտ ստիպում էր ինձ հրաժարվել, հեռանալ, նահանջել, եթե ոչ փախչել…Ու սարսափելին էստեղ էն էր, որ օտար, կողմնակի, անմասն ու դիտորդ էր ընկալվում ոչ թե նա, ով հանկարծակի ծայրահեղ հազվադեպ ու կարճաժամկետ հայտնվում ու կորում էր, այն նա, ով մնացած ընթացքում ապրում,պայքարում ու զգում էր, նա ով ապրում էր կյանքը: Ու ես հեռանում, հրաժարում ու նահանջում էի էդ հազվադեպի ներքին կոչից, որը ոչ թե վախ էր ներշնչում, չէ, չէ, էդ վախից նահանջ չէր, չէ…Դա ինչ որ անշոշափելի ու անմըմբռնելի ազատության, ազատակամության կոչ էր, որ դրդում էր չկանգնել ու չբարարվել եղածով, այլ առաջ անցնել, գնալ հեռանալ դեպի ուրիշ ափեր: Դրան բնորոշ էր գոռոզությունը, ամբարտավանությունը և հպարտանքը…Ու էդ օտարությունը չէր թողնում երբեք ինձ զգալ լիարժեք երջանիկ կամ գոնե լիարժեք վայելած...
Արագ մտա սրահ, պիջակս հանեցի աթոռից , հագա ու աթոռի վրա «You got me hypnotized» տակտի տակ ճոճվող Արոյին ասեցի.
- Հել, ազիզ, գնում ենք:
- Բա տո՞րթը:
- Կառնեմ քեզ տորթ:
- Լավ...
Նստեցինք ավտոն, դանդաղ քշում էր կենտրոնի փողոցներով, մի խանութի մոտ կանգ առավ; Հարցական վրեն եմ նայում: Հարցական պատասխանում ա:
- Խի՞ կանգնեցիր:
- Տորթ չե՞ս առնելու ինձ:
- Լու՞րջ ես ասում:
- Հա, դե ասիր կառնեմ:
- Լավ, - իջա մեքենայից:
- Շակալադնիյ ազիզ, - հետևիցս գոռաց:
Մտա, մի մեծ` հեչից 10 հոգու շոկոլադե տորթ առա, եկա, հետևի դուռը բացեցի, դրեցի նստատեղին, նստեցի դիմացը.
- Արա, մի կտոր էի ուզում, եքյա տորթ խի՞ բերիր, ահահահ
- Կուտե՛ս, քեզ հասնում ա ազիզ:
- Լավ, ջիգյար:
Ի տարբերություն մնացած դեպքերի, չափից դուրս դանդաղ առաջին գծով քշում էր քաղաքով մեքենան, տուն չէր շտապում, մի բան կիսատ էր իրա համար` բանկետի շարունակության պահանջ ուներ, շուտ դուրս հանեցի իրան հարսանիքից: Հերթական լուսաֆորի մոտ կանգնած առանց վրես նայելու հարցնում ա.
- Հետո՞, բա Վիգո:
- Ինչը՞ հետո:
- Դե հետո, պսակվեց…Հետո ի՞նչ ես մտածում անել:
- Ոչ մի փոփոխություն մտցնելու կարիք չեմ տեսնում:
Ծիծաղեց քթի տակ: Մտածեց ու ասեց.
- Լավ ես անում:
Չգիտեմ խի որոշեց որ պետք ա որակավորում տա իմ չգիտեմ ինչ արածին: Հետո հարցրեց.
- Լառայից խաբար կա՞:
- Չէ համարյա:
- Կարծում ես` վերջացա՞վ հա ամեն ինչ:
- Դե արդեն վերջացել ա…
- Եսիմ…
- Ին՞չ եսիմ, Արո:
- Ափսոս էր Լառան…Լավ աղջիկ էր…
Էդ ասածի վրա հիշեցի անցած լիքը ասածներ Արոյից ու որ ճիշտն ասեմ, մի պահ կատաղեցի վրեն.
- Դու գիտե՞ս որ վատ ընգեր ես, Արո:
- Խիի՞, ախպերս, - նեղացած հարցնում ա:
- Հիշու՞մ ես, որ Լուսեի հետ էի, հիշու՞մ ես էն առաջին օրը որ Լառային տեսանք:
- Հա:
- Ո՞վ ասեց` անպայման մի բան արա էդ աղջկան:
- Ե՞ս եմ ասել:
- Հա, դալբայոբ:
- Իսկ հիշու՞մ ես. երբ որ Լառայից բաժանվում էի:
- Հա:
- Հիշու՞մ ես որ ասում էիր` հա, ախպերս, ճիշտ որոշում ա:
- Դե հա:
- Իսկ Մարիային հիշու՞մ ես ոնց էիր մոտիվացնում կպցնել:
- Ահհահա, դե թույն ծիտ էր
- Հաա, թույն ծիտ էր ու Լառան դեր կար, բայց որ կողքից բզբզում էի, ասում էիր լավ ես անում:
- Հիմի ինչու՞մ ես մեղադրում ինձ, բռատս:
- Նրանում, որ ինչ անեմ, ասում ես` լավ ես անում: Մի անգամ չասիր` հո դու ապու՞շ չես, արա՛, էս մի բանը մի՛ արա:
Լռեց, իմ վրա չէր նայում, հայացքը ուղղված էր երևանյան առօրեական խցանման հորիզոնի ամենավերջին: Ասեց.
- Հասկացա քեզ, ախպերս:
- Դե լավա:
- Բայց մի հարց կարելի՞ ա:
- Ասա:
- Որ չասեի, անելիքդ չէի՞ր անելու:
Հիմա էլ ես լռեցի, ու հայացքս հղեցի խցանման հորիզոնի ամենահեռվին: Պատասխանեցի.
- Անելու էի երևի:
- Բա էլ ինչ կա ազիզ… - հայացքը վերջապես թեքեց դեպ իմ կողմ, - դու տեղդ նստող չես ազիզ, բավարարվող չես:
- Ու նաև գնահատող չեմ …
- Դե ամեն մարդ իրա թերություններով, ախպերս…
- Հա..բայց իմոնք միքիչ… ճակատագրական թերություններ են…
- Ի՞նչ ի նկատի ունես:
- Լառային էլի…
- Թե սիրտդ ուզում ա, խի՞ չես զանգում-հանդիպում…
Բան չպատասխանեցի, ինքն էլ որոշեց չշարունակել:
Հասանք Արոենց տուն ու անցանք միանգամից առաջ, աներևակայելի շատ առաջ տված բալկոն: Արոն գալստուկը իսկույնևեթ թուլացրեց, հանեց գլխի վրայով ու շպրտեց բազմոցին: Շակալադնիյ տորթը Արոյի մաման կտրատեց, ավելացրեց մրգեր ու սուրճ դրան ու բերեց մեզ մոտ բալկոնի սեղանին դրեց: Դեսից դենից խոսեցինք, որի ընթացում Արոյի դիրքը նստածից կամաց կամաց վերածվում էր պառկածի, հետո լռեցինք ու Արոյի աչքը մի պահ կպավ...Նայեցի ժամին` 9-ի կողմերն էր, ու հենց էդ պահին Մարիան գրեց.
- Ու՞ր ես:
- Հարսանիքիդ չեմ:
- Հա, չնկատեցի էլ ձեր գնալը:
- Ի՞նչ կա, լա՞վ ես:
- Նոռմալ, երիտասարդներով գնացինք ուրիշ տեղ` Վալենսիայի սրահն ենք փակել, կարո՞ղ ա գաս:
- Չէ, Մարիա )
- Ինչի՞:
- Եսիմ…չեմ ուզում ու չարժի, ես իմ պարտքը կատարեցի ))
- :)
Կանգնեցի ու մոտեցա, հենվեցի բալկոնի մետաղական ճաղերին: Հորիզոնը սևացած էր: Հորիզոնի վրա Արարատն էր, բայց նրա էնտեղ լինելը միայն ամերիկյան բազայի փայլփլող լույսերն էին մատնում: Մտածեցի, որ էս երկրի հորիզոնը էս երկրինը չի, հայկական երկրի հորիզոնը թուրքական ա...
Նորից գրեց Մարիան.
- Ես նոր հասկացա` ինչի՞ քեզ հետ երբեք չեմ մտածել…անգամ չեմ երազել լինել նորմալ լուրջ ձևով հարաբերությունների մեջ:
- Ե՞վ:
- Դու ինձնից լավն ես:
- Այսի՞նքն:
- Դե ինձնից լավ մարդ ես...Ու խելոք ես: Չարի կողմն ես, բայց էդ չարի համար քեզ մեղավոր զգում ես...իսկ ես չէ:
- Ու դրա համար ինձ հետ չե՞ս պլանավորել կյանքդ կիսել, հոգիս )
- Հա..տես…դու խելոք ես, ու հենց դրա համար լավ ես տեսնում ու հասկանում մարդկանց…Ինձ էս դեպքում, իմ էությունը: Ինձ տեսնողը, իմ էությունը հասկացողը ինձ սիրել, կապվել չի կարող…Եթե ինձնից լավ մարդ ա…
- Երևի ճիշտ ես, Մարիա…
- :) Կարող ա ֆսյո ժե գա՞ս:
- Չէ, Մարիա ) խմի, տժժա, ուրախացի…
Ինձ ոտքը ոտքին գցած ֆոտո ուղարկեց` փոխված գրեթե ոչինչ չթաքցնող նոր զգեստով: Հետո էլի ֆոտո` մարգարիտայի բաժակ ու գրեց.
- Կենացդ, Վիգ )
- Երջանիկ էղի, Մարիա:
- Դու էլ, Վիգ:
Նայեցի խավարված գիշերային հորիզոնին, էդ խավարի մեջ մի տեղ Արարատն էր, հաստատ Արարատն էր, բայց երևում էին միայն դրա վրայի բազայի լույսերը:
Comments