Գլուխ 14
Որքան հեշտ ա չհիշել մարդուն, ով սիրում ա քեզ: Եվ որքան ծանր ա մոռանալ մարդու, ով այլևս քեզ չի սիրում: Ու քո սիրելը ստեղ առաջնային դեր չի խաղում: Որքան հեշտ ա մեծահոգաբար ու անկեղծորեն երջանկություն մաղթել էն մարդուն, ով քեզ ա սիրում, և որքան ծանր ա հաշտվել էն մարդու երջանկության հետ, ով քեզ այլևս չի սիրում:
Մոռանալ չգիտեմ, բայց չէի հիշում Լառային: Մոռանալն ու չհիշելը տարբեր բաներ են: Վարպետ ֆրոյդը լավ հարցադրում ունի. «Ու՞ր է գնում միտքը, երբ այն մոռացվում է»: Հարցարդման մեջ պատասխան կա:
Չէի հիշում Լառային ու ամբողջովին տարվել էլ նոր սիրավեպով: Իսկ Լառան արդեն մի քանի շաբաթ էր, ինչ վերադարձել էր Երևան: Օդակայան չէի գնացել, չէի դիմավորել: Երևանում էր: Նույն քաղաքում էինք արդեն, բայց պատահական անգամ չէինք հանդիպել:
Պատահական հանդիպել էի Լառայի քրերին փողոցում ու փաբում: Ինչպես եվ Լուսեն, երեք քույր էին, ինչպես եվ Լուսեն, Լառան քրերից մեծն էր: Բայց ի տարբերություն Լուսեի քրերին, Լառայինը ինձ տանել չէին կարում, ինչը փոխադարձ չէր: Աբսոլյուտ պախուիզմը միակ զգայական ֆոնն էր, որ ակտիվ էր ինձ մոտ իրենց հանդեպ:
Լառան ինձ հիշում էր: Եվ ժամանակ առ ժամանակ ստիպում էր ինձ` վերհիշել իրեն: Մի քանի անգամ սխալմամբ զանգ ու նամակ էի ստացել իրենից: Չէր սպասում պատասխանիս, արագ երկրորդ նամակն էր ուղարկում` թե բա սխալվել եմ, կներես: Նպատակը պարզ էր. չէր ուզում թույլ տալ ինձ` մոռանալ իրեն: Ինքն էլ գիտեր, որ նպատակը պարզ էր:Երկուսիս: Երբեք, հիմարի պես երբեք իր կանացի խորամանկությունը` կանացիությունը, չօգտագործեց իմ դեմ: Միայն հանուն մեզ:
Հիշում եմ`մի հետաքրքիր sms էի ստացել իրենից: Նկարագրում էր ընկերուհուն իր նոր ծանոթությունը ինչ-որ երիտասարդի հետ: Թեպետ այդ նկարագությունը ավելի շուտ երիտասարդի նկարագրությունն էր: Ու նամակը հետաքրքրական էր ոչ թե նրանով, որ ակնհայտ սուտ էր, այլ երիտասարդի նկարագրությամբ հենց: Նամակին անմիջապես հետևեց sms. «Կներես, հազար կներես, էլի սխալվել եմ, պիտի ջնջեմ համարդ մոտիցս…Կջնջեմ…»: Պատասխանեցի ու սկսվեց մանկական մի խոսակցություն: Մանկական էր իմ երեխայական խանդով, ու ինչ-որ հեռու կետում թողած ու անդառնալի դարձած սիրախաղով, որի մասին վաղուց արդեն մոռացել էինք երկուսս էլ: Դժբախտության մեջ ի՜նչ ֆլիրտ: Անձեռոցիկն ու հանգստացնող հաբերը ուրիշ բան, միշտ մաքրելու արցունք կլինի ու վերջում բռով հաբեր կուլ տալու մղում:
- Կարաս չջնջես ու էլի սխալվես:
- Չէ, կջնջեմ:
- Էդ դեպքում մենակ հեռախոսիցդ մի ջնջի: Հենա`ոնց որ թե թույն տղուկի հետ ես ծանոթացել: Սիրահարվի: Ու ջնջի: Ինձ:
- Հա, լավն էր տղան: Բայց չսիրահարվեցի:
- Հետաքրքրվե՞մ` ինչի:
- Չէ :
- Բայց ես կհետաքրքրվեմ:
- Ես հետաքրքիր չեմ, տղան հետաքրքի՞ր ա:
- Չէ, հետաքրքիր ա էն տղան, ում դու կարայիր սիրահարվել:
- Ի՞նչ ես ուզում իմանալ:
- Նույնը` ավելի մանրամասն: Խոսք եմ տալիս չխանդել:
- Չէ, խոսք տուր խանդել:
- Լավ, խոսք եմ տալիս խանդել: «Եվ եղածը քանդել»…Ահ, ճիշտ ա, արդեն քանդված ա...
- Արդեն սկսեցիր խանդել գիտես )
- Պատմու՞մ ես, Լառա:
- Վստա՞հ ես, որ ուզում ես իմանալ:
- Չեմ ուզում, պարտավորված եմ լսել ու իմանալ, ու վերջում քեզ բարի բախտ մաղթել, հոգիս )) Ինչպես վեհանձն ասպետ զիջել քեզ ավելի արժանի տղամարդու:
- Կարծեմ ասպետները մենամարտում էին որոշում ով ում պետք ա զիջի, ու զիջողը մեռնում էր, Վիգ…
Կորավ մի կես ժամով ու իրան բնորոշ լիրիկական զեղումներով գրեց էս նամակը, որ պահել եմ մինչ օրս:
«Ժպտացող ու խորամանկ աչքեր ուներ, բայց խորը ու ներքև ձգված` տխուր, ու էդ տխրության մեջ թրթռացող մեղքի-խղճի զգացում կար, որ ավելի ակնհայտ էր քան իր ցուցահանդեսի հանած ինքնավստահությունը: Էլեգանտ էր հագնված, բայց թափթփված ու անկանոն, ինչպես իրա տարբեր կողմեր անկանոն տնկված մորուքը ու մազերը…Մտածեցի` թափթփված մարդը սրիկա լինել չի կարող: Լավ խոսել գիտեր, ավելի լավ` պատմել ու հավանաբար ամենից լավ` կանանց խոսացնել` առանց բառերը չարաշահելու…Չգիտեմ ինչի, բայց ինձ թվաց, ոնց բառերը չէր չարաշահում, նույնքան սեփական զգացմունքները չէր չարաշահի…Գիրք խորհուրդ տվեց ինձ: Ասեցի` կարդացել եմ ու չեմ սիրել. գլխավոր հերոսը անտանելի ա: Ժպտաց` բարի, բայց խորամանկ, կամ խորամանկ, բայց բարի ու ասեց. «էդ գիրքը հերոսի մասին չի, այլ հերոսուհու…Անտանելուն սիրելը հերոսություն ա:» Ժպտացի: Գրախանութից դուրս գալուց հետևիցս վազեց ու նվիրեց գիրքը, խնդրեց վերընթերցել: Վերցրի նվերը, մերսի ու ցտեսություն ասեցի, քայլեցի, բացեցի առաջին էջը, տեսա հեռախոսի համարը: Դրեցի գիրքը փողոցի մոտակա նստարանին ու գնացի տուն…Կարող ա` հիմար եմ, բայց սենց շուտ սիրահարվել չեմ կարող, ինչքան էլ որ արժանի լիներ…»
Գրախանութի նկարագրած թափթփվածը ես էի…Ես էի` իր ընկալմամբ: Անգամ ստի մեջ նա չէր կարողանում ինձ դավաճաներ, ու իբրև նոր տղամարդ իր կողքը միայն ինձ կարող էր պատկերացներ: Չգիտեմ իր ընկալումը ճիշտ էր թե չէ, մինչ օրս չգիտեմ, բայց գիտեմ, որ մի պահ խանդեցի` ինքս ինձ` նրան, ով կարար երջանիկ լիներ:
Պատասխանեցի. «Եթե նման բան իսկապես եղել ա, ուրախ եմ քեզ համար, ու ափսոսում եմ, որ գիրքը չես վերընթերցել…» Վերջում անկեղծորեն ու մեծահոգաբար երջանկություն մաղթեցի: Հեշտ էր:
Comments