top of page
Поиск

S O U L J O B 13

Գ Լ ՈՒ Խ 13


Լուսեի տանն էի: Երկրորդ հարկում` իրա սենյակում փակված: Էդ տան միակ սենյակում, որը չուներ բալկոն, ուր կոնտինենտալ երևանյան կլիմայի սրտականգի ահի տակ սեքսից հետո կարելի էր դուրս գալ ու սառույցից չխչխկացող ջրի բաժակից հագեցնող ու հովացնող կում անել ու ծխել: Դրա համար ծխում էի անկողնուն նստած, իսկ Լուսեն գնում գալիս պատուհան ու դուռն էր բացում, որ քամու հոսանք ապահովեր, որ ծխի հոտը ցրվեր, որ տնեցիք չհասկանային որ ես ըտեղ եմ: Իմաստը դրա չէի հասկանում. ի տարբերություն Լառայի ծնողների, Լուսեինը ինձ սիրում էին, ես էլ իրանց ու չէի խուսափում իրենցից. ջան ասում, ջան լսում էինք:

Դուռը փակեց սենյակի, եկավ կիսապառկեց կողքս.

- Նոր ծի՞տ կա կյանքումդ:

- Չէ, ինչի՞ց վերցրիր, - անկապ մանկապ ծտերից կարայի պատմեի իրան, բաւց էս մեկի մասին որոշեցի չասեմ. միքիչ մութ պատմություն էր: Թեպետ Լուսեից ինչ-որ բան թաքցնելը անիմաստ էր, մեկա իմանալու էր, մյուս կողմից` ես էլ իմ սուխոյ ատկազ չէ-ից հետ կանգնող չէի, երբ պետք էր, ու երբեմն դա օգնում էր, ու ինքը դադարում էր տվայտել ինձ ու իրան: Կամ առնվազն գոնե ինձ:

- Կորում ես պարբերաբար: Տենց ժամանակ միշտ աղջիկ ա լինում մոտդ:

- Ոչ մի լուրջ բան:

- Որ լիներ` կասեի՞ր:

- Լուրջ բա՞ն:

- Հա:

- Հա, կասեի:

- Հաստա՞տ:

- Լառայի դեպքում ասեցի չէ:

Զզվանքով դեմք սարքեց ու հայացքը ինձնից թեքեց դեպի առաստաղ, ինձ թվաց կավարտի արդեն, բայց երևի առաստաղը ուրվագծեծ Լառայի դեմքը ու շարունակեց առաստաղին նայելով.

- Լառայի հետ չե՞ս շփվում:

- Լուսե՛, լավ էլի, մի՛ սկսի:

- Հարցնում եմ:

- Պատասխանել եմ:

- Լավ...

Լուսեին թույլատրված էր շատ բան, ծաղրել ու փնովել բոլոր ծտերին, մեկ-մեկ անգամ բոցեր բռնել ինձ վրա, բայց ոչ Լառայի: Լառայի մասին հենց լեզուն պտտվում էր մի վատ բան ասել, տեղնուտեղը ուղղում էի: Դե գնացեք, մտածեք, որ չէի սիրում Լառային: Մինչև հիմա տենց եք, չէ, մտածում: Տղամարդը մի դեպքում ա սկսում պաշտպանել իր հետ կապի մեջ մտած կնոջ պատիվը: Երբ զգացմունքներ ունի: Մնացած դեպքում տղամարդիկ ստեղ ընդեղ գլուխ են գովում իրանց կողմից հասած ու չհասած կանանց մասին`սահմանելով վերջիններին որպես քած, ծիտ, էգ և այլն: Իսկ սիրեցյալի մասին լռում են: Անգամ թաքցնում:

Ինձ թվաց ավարտեց, երբ էլի շարունակեց.

- Մի տեսակ չեմ հավատում, որ ձեր էդ մեեե՜ծ սերը տենց միանգամից հանգավ:

Բան չեմ պատասխանում, էդ գոնե կարա ստիպի ավարտի: Ավարտեց, շրջվեց իմ կողմ, համբուրվեցինք: Ձեռքի թիկնային հատվածով շոյեց մազերս ու շոյելով իջավ մորուքիս.

- Պուճս...սոված չե՞ս:

Փորձեցի հասկանամ սոված եմ թե չէ.

- Միքիչ:

- Իջնե՞նք` տեսնենք սառնարանում ինչ կա:

- Չէէ, վեշնի համով բան չկա ձեր տանը:

- Գնանք մի տեղ հաց ուտենք:

- Հա:

- Մտնեմ դուշ ու դուրս գանք:

- Լավ, - ասեցի ես ու սիգարետիս վերջի մուխը արեցի ու աջ ձախ շրջվելով փորձեցի մոխրաման կամ աման գտնեմ որ հանգցնեմ մեջը:

- Տուր ինձ, - ասեց լուսեն, վերցրեց մատերիս արանքից սիգարետը ու դուրս եկավ սենյակից ու մտավ լոգարան:

Մոտեցա բաց արած պատուհանին: Գոտկատեղից ներքև կախվեցի: Աջ, ձախ նայեցի: Ձախ կողմում բալկոնում կանգնած տեսա Լուսեի միջնեկ քրոջը ` Մարիին: Ժպտաց առանց զարմանքի, ասեց` բարև:

- Բարև, Մարի:

- Լա՞վ ես, Վիգ:

- Հա, Լուսեին եմ սպասում:

- Ես էլ:

- Դու՞ էլ:

- Հա, վերևի լոգարանը զբաղացրել ա:

- Ներքևինից ինչի՞ չես օգտվում:

- Տնեցիք ներքևն են:

- Չե՞ս խոսում հետները:

- Չէ:

- Խի՞:

Ուսերը թափ տվեց: Ի տարբերություն Լուսեի, Մարիի մեծանալու ու ուշ տուն գալու հետ ծնողները դեռ չէին հաշտվել:

- Մարի,- դիմեցի ես, - ինչի՞ էս տան բոլոր սենյակները ունեն բալկոն բացի Լուսեինից:

- Որտև Լուսեինը սենյակ չի:

- Բա՞:

- Հանդերձասենյակ ա:

Ծիծաղեցի, Մարին ի պատասխան միայն ժպտաց:

- Լավ, Մարի, իջնեմ ձեր ներքևի լոգարանից օգտվեմ: Ուրախ էի քեզ տեսնել :

Մարին ի տարբերություն փոքր քրոջ` Սելինի, ինձ չէր սիրում, չսիրելը որն ա, недолюбливала: Չէ, էդ էլ չէ; Առանձին ինձ սիրում էր, անգամ հետս նստում, խմում, խոսում մեկ-մեկ, բայց չէր սիրում ինձ իրա քրոջ հետ, հասկանում էր, որ մեր կապը սխալ ա ու դրա շարունակության մեղավորությունը իմ մեջ էր տեսնում: Ես ընդունում էի էդ մեղավորությունը ու անտեսում էի իր անսերությունը իմ հանդեպ:

Պատուհանը փակեցի, դուրս եկա սենյակից ու մոտեսա винтовой փայտե աստիճաններին: Ներքև նայեցի. հյուրասենյակում հայրն էր նստած` մեջքանց դեպի ինձ ու դեմքով դեպի ահռելի TV-ն: Մեծ հեռուստացույցի վրա միմյանց էին փոփոխում տարբեր նկարիչների կտավների կադրեր, որոնք թարթում էին վահանակի վրա նրա մատերի շարժումներից: Սենյակում տարածված էր ինչ-որ արևելյան, հեռու-արևելյան` հնդկա-չինական տրանսի մեջ գցող ֆիգնյա երաժշտություն: Էս տան տերերը ամեն տեսակ հեռու արևելյանի սիրողներ էին: Երաժշտությունը էնքան բարձր էր, որ կխլացներ իմ ոտնաձայները: Աստիճաններով իջա ու հոր մեջքի հետևում աննկատ պավառոտ անելով մտա խոհանոց, բացեցի սառնարանը, վերցրի Լուսեի տան նախորդ հավաքից մնացած գարեջրի մի շիշ, բացեցի, գցեցի փականը աղբարկղի մեջ, այն հավանաբար ինչ-որ մի մետաղե բանի դիպավ, ու զրնգուն եկավ, նայեցի հոր կողմ. շարունակում էր թարթել կտավների կադրերը, իսկ փականի զրնգոցը հավանաբար իրեն թվաց ֆիգնյա հեռու-արևելյան երաժշտության ճլ-վլ-դըխկ ձայներից մեկը: Շատ համահունչ էր:

Դուրս եկա խոհանոցից ու մտա էլի հյուրասենյակ, հոր մեջքի հետևը պիտի արդեն աննկատ պավառոտ անեի դեպի աստիճանները, երբ մի բան աչքիս զարնեց ու կտրուկ կանգնեցի: Հեռուստացույցին օրգիայի տեսարանով գործ էր` գրաֆիկական աշխատանք մատիտով ու գրչով նկարած`պատկերված էին 10-15 կանայք ու տղամարդիկ` մերկ-կիսամերկ` բոլորը դերեր ստանձնած ու կենտրոնացած աշխատանքի վրա: Բայց զարմացնողը էդ չէր, այլ ստորագրությունը` Ադամեան` ինձ անձամբ ծանոթ հայ ծեր ու նամուսով(վստահ չեմ որ երեկ մակդիրները ճիշտ հերթականությամբ եմ դրել) նկարիչ, որ բոլորում էր 80-ը արդեն: Լա՜վ է, ա՛յ բիձուկ, սենց բաներ էլ ա մտքիդ էղել ուրեմն...կամ գուցե աչքդ ա հենց տեսել...կամ էլ ինքդ ես անգամ մասնակից եղել: Անշարժացած ու քարացած դիտում էինք կտավին` ուսումնասիրում դրա մանրուքները, հայրը նստած բազմոցին, ես երկու քայլ հեռու` մեջքի հետևը կանգնած: Հայրը ձգվեց սուրճի սեղանին դրված ապակե բաժակին` մեջը թափանցիկ հեղուկով` հավանաբար ջին էր, կամ ջուր, կամ ջրով բացած ջին: Վերցրեց բաժակը, մոտեցրեց շրթունքներին ու կում արեց` աչքը գործից չկտրելով: Ես էլ գարեջրի շիշը մոտեցրի շրթունքներիս, առաջին կումը արեցի` շարունակելով դիտել գործը: Վստահ եմ` երկուսս էլ հիանում էինք էդ պահին գործով, ուղղակի ամեն մեկս առանձին: Հայրը խոշորացրեց կադրը` ֆրագմենտների վերածելով գործը ու դանդաղ ֆրագմենտների վրայով անցնելով: Ֆրագմենտների վրա կանգի ժամանակը կատարյալ էր ինձ համար: Կատարյալ կոմպոզիցիա էր` բազմաթիվ մանրուքներով: Ամեն մեկը էդ գործում իր դերն ուներ, իր դերն էր ստանձնել ու արժանապատիվ կատարում էր դերը` ճիշտ ու համահունչ շարժումներով ու դեմքին էմոցիաներով: Էս երևակայություն չի, էս հիշողություն ա, - մտածեցի ես: Բայց մի ֆրագմենտի վրա սովորականից երկար կանգնեցինք ես ու հայրը: Մի աղջիկ կար, որ առանձնանում էր ամբոխից գործի վրա: Ընդ որում առաջին պլանում էր` նստած ծնկների վրա, ափերով դեմքը փակած` կարծես լացելիս լիներ: Մեջքանց էր ամբողջ օրգիային ու դեմքով դեպի դիտողը: Էդ մի ֆրագմենտը լրջություն ու խորություն էր հաղորդում ամբողջ գործին: Ինչի էր լացում աղջիկը, երբ շուրջը բոլորը տժժում էին: Գուցե զզվանք էր ապրում: Отвращение: Կամ զղջանք` օրգիային մասնակցել համաձայնելու համար…Էդ պահին հայրը հետ բերեց կադրը ամբողջական մասշտաբին ու թերթեց այն, ես էլ պավառոտս աննկատ արեցի ու բարձրացա աստիճաններով ու նստեցի դրանցից ամենավերևինի վրա:

Հայացք գցեցի տան երկու հարկերին: Առաջինից մինչև երկրորդ հարկ ձգվում էր ահռելի աներևակայելի հարուստ ու հազվագյուտ գրադարանը, որտեղից Լուսեն մի օր գտել ու հանել էր Չարենցի ձեռագրերից: Ես էլ բնականաբար գրավվել էի, ու խոսք էի պոկել իրենից, որ մի օր հորից հարցնելով կնվիրի ինձ գոնե մեկը: Ցանկացել էի անձնական նամակագրությունից ձեռագիր: Պոետի սիրային նամակագրության բնօրինակը ավելի նշխար բան ա, քան իրա սիրային պոեզիան:

Մնացած բոլոր պատերից կախված էին հայ գեղանկարիչների գործեր` Մինաս-Սարյանից մինչև Գառզու-Ժանսեմ: Հայրը հայ մտավորական էր: Ու իբրև իսկական հայ ինտելիգենտ իսկական հայ առևտրական էր` շատ հաջողված: Ասում էին` դեռևս ոչ մի գործարք վնասով չէր փակել: Բայց ազնվական առևտրական էր` արվեստի գործերի, անտիկվարիատի, կարպետների, ձեռագրերի` ամեն տեսակ արժեքավոր պատմության: Ստեղ հետաքրքիրն էն ա, որ միայն ոչ հայկական իրերի ու ոչ հայ հեղինակների գործերի առ ու վաճառքով էր զբաղվում, իսկ հայկականի դեպքում` միայն առքով ու հավաքելով:

Ինձ դուր էր գալիս ինքը, իրա ընտանիքը, իրա կտավենրի հավաքածուն, իրա տունը, որն իր կողմից կառուցված 5 հարկանի քարե շենքի վերջին երկու հարկերն էին: Հայրը իսկական հայ մտավորականությունից էր, էն քիչ հանդիպող ու միշտ թաքնված, ոչ ռուսախոս բոլշևիկյան, ոչ անգլախոս դիսիդենտյան, հենց հայկական ու դրա համար զուրկ էր հայերին ոչ բնորոշ արիստոկրատ սնոբիզմից, չնայած իր հարստությանը ու հայկական մշակույթի թանգարան վերածած տան, մշակութապես ու ֆինանսապես վերնախավից լինելուն, հայ ժողովրդից իրեն չէր տարանջատում, ու հայհոյելուց էլ հայ ժողովրդի պես էր հայհոյում` անխնա ու ներդաշնակ ու բոլորին:: Դա ինձ դուր էր գալիս: Հատկապես անողոք էր քաղաքական իշխանություններին հիշելիս: Բոլորին:

Կարծում եմ` իրենք էլ ինձ էին սիրում ու ուրախ ընդունում: Հիշում եմ`մի օր կասկադի սրճարաններից մեկում հայրը տեսել էև ինձ ու Լուսեին միասին նստած, ու եկել միացել էր մեզ մի քանի րոպեով: Դեսից դենից խոսելուց հետո ինձ հարց տվեց` առաջարկելու պես, թե բա Վիգեն, կուզե՞ս սովորացնեմ քեզ արհեստիս առուվաճառքի: Ես բարեկրթորեն հրաժարվել էի, որի համար անգամ ինձ մեղավոր էի զգում: Հայրը տխրեց պատասխանից հետո: Դրանից հետո աշխատում էի մի քանի շաբաթ աչքին չերևալ, որ նորից չտեսնի, հիշի ու տխրի:

Մի խոսքով, ես ինձ շատ հարմարավետ էի զգգում Մանոյանների ընտանիքում, թեպետ գիտեի որ իմ լինելը էդտեղ ժամանակավոր էր: Իրենք ինձ հարազատ ու մերոքական էին ընդունում, ես էլ շնորհակալ ու երախտապարտ լինում իմ ժամանակավոր հանգրվանի համար: Իմ կյանքում չի եղել որևէ սիրավեպ, որի վերջը ես սկսելուց հենց կանխատեսած, նախապես տեսած ու իմացած չլինեմ: Բայց դա ինձ երբեք հետ չէր կանգնեցնում ու չէր ստիպում կիսատ ավարտել: Էս դեպքում էլ, Լառայի դեպքում էլ ես գիտեի, որ ամեն բան վերջանալու, ընդ որում` բացարձակ ոչ լավ վերջով: Բայց ամեն բան պետք ա մինչև վերջ տանել ու առանց ետ քաշվելու սպասել վերջին, անգամ եթե վերջը վատն ա: Ամեն բան պետք ա տեղի ունենա ու ավարտվի ու չկիսատվի-չընդհատվի հաշվարկված խոհեմությամբ: Շատ խոհեմն էի(եմ)…

Էլ ավելի հարմարավետ էր Լուսեի սերը իմ հանդեպ: Ու հիմա պիտի խոստովանեմ ու անկեղծանամ, էդ հեշտացնում էր իմ Լառայից հրաժարվելը: Ես տեսել էի Լուսեի ինքնակործանման հասնող, առանց պայման բացարձակ սերը ու Լառային հանդիպելուց հետո ստիպված էի համեմատել նրանց սերերը: Ու էդ համեմատության մեջ Լառան չէր կարողանում հաղթել: Դրա համար էլ երկու ամիս չանցած կարողացել էի ընդհատել Լառայի հետ հարաբերություններս, բայց մի քանի ամիս անց էլ նորից կապի էի դուրս եկել նրա հետ` բայց էս անգամ մեր հարաբերությունը downgrade անելով կապի մակարդակի, ու անգամ թաքուն կապի: Ասում են սխալ ա սերերը համեմատել: Էդ պնդումը ճիշտ ա, երբ սերը միհատ ա կյանքումդ: Լուսեին կապված էի, բայց Լառային սիրում էի, բայց անգամ էդ սիրո մեջ չաձազանց զգոն էի, հասցնում էի մտածել, իսկ մտածելը բացարձակ կառուցողական ու վստահելի երևույթ չի սիրո մեջ…Պիտի խոստովանեմ, հա, մեկ-մեկ կարողանում էի պատկերացմանս ազատություն տալ, գծել,պռոյեկտել իմ ու Լառայի համատեղ կյանքը, համատեղ երջանկությունը, անգամ երեխաներին, բայց երբ հասկանում էի, որ դրա գինը իմ ինքս ինձ հանձնվելն էր լինելու, կատաղում, գազազում ու հարձակվում էի Լառայի վրա` անվերջ պահաջելով ինքնազոհողություն ու ապացույցներ մեր սիրո բացարձակության: Ու ձևը, ձևը իրանց` Լառայի ու Լուսեի սերերի տարբեր էր: Ու էդ ձևի մեջ Լառան պարտվում էր` ոտնձգություն կատարելով իմ անձեռնմխելի ազատության հանդեպ: Տարբեր էր նաև պահանջը իրանց սերերի: Եթե Լուսեն ինձնից ինձ էր ուզում, ապա Լառա ինձնից իրեն սիրելն էր ուզում: Առաջին տպավորությունից կարող ա թվալ, թե Լուսեն ավելին էր ուզում, բայց չէ…Լուսեի դեպքում ուժերը լարել ու ջանք թափել պետք չէր, Լուսեն ինձ ազատ էր թողնում: Իսկ Լառային պետք էր սիրել: Միգուցե ոչ էդքան ուժեղ, որքան ինքը քեզ, բայց մեկա պետք ա տայիր իրեն հասանելիք սերը: Նա մի րոպե անգամ կողքդ չէր մնա, եթե իմանար կամ զգար որ իրեն չեն սիրում…Լառայի ուզածը ինձնից ջանք էր պահանջում: Ջանք, նախաձեռնողականություն ու առաջնորդություն: Լառայի ուզածը ինձնից հարաբերությունն էր, որը ես պիտի առաջնորդեի…Իսկ Լուսեն համաձայն էր միայն ինձ-ին: Ու ես ընտրել էի երկուսին էլ` երկուսին էլ իրանց ուզածը չտալով: Երկու տարի շարունակ ապրում էի երկակի հաշվարկած կյանքով` երկուսին էլ խոստում չտալով, բայց երկուսի սպասումն էլ ոչ արդարացնելով, ոչ էլ կանխելով: Ու էդպես երեքով ապրում էինք, Լուսեն ու Լառան Երևանի կենտրոնում` իրար դիմացի շենքերում` արանքում մի նեղ այգի, ես էլ` էդ այգու աջ ու ձախ կողմերով վազվզելով ու հաշվարկելով ամեն քայլս…Էդ նեղ այգին էլ իմ փրկությունն ու ապահոգավրությունն էր` նեյտրալ գոտին երկու զուգահեռ կյանքերի չհատման: Ես ինձ չափից ավելի խելոք էի համարում, որպեսզի բավարարվեմ մի աղջկանով, բայց և շատ հիմարն էի` կարծելով թե կարող եմ վայելել երկուսին էլ…Շատ խոհեմ ու միառժամանակ ապուշ էի…Կամ շատ խոհեմ ու շատ երիտասարդ` շատ կյանքով լի էդքան սրիկայությունը նախաձեռնելու ու պատվով տանելու ու ավարտելու համար: Հանձնվող չէի…

Վերևի լոգարանի դուռը բացվեց: Լուսեն էր, սրբիչով փաթաթված դուրս եկավ: Կանգնեցի աստիճանների վրա ու արագ վազեցի դեպի իրան: Մտքինս հասկացավ, ու ինձնից արագ վազեց մտավ սենյակը, որը, ինչպես պարզեցինք էսօր, հանդերձասենյակ էր, ու դուռը հետևից կտրուկ փակեց: Հասա դռանը ու ծեծեցի:

- Չէ, - ասում ա Լուսեն:

- Հա: Քանի չես հագնվել, կհասցնենք:

- Չէ, Վիգ, նստի, սպասի, դուրս ենք գալիս հաց ուտենք:

Նորից սկսեցի դուռը ծեծել, ուղեղս մթագնել էր:

- Վիգ, դադարի, պապան ներքևն ա, կլսի:

- Չի լսի, մյուզիքը չես լսում ինչ բարձր ա միացրել:

- Չէ, չեմ ուզում, երբ տնեցիք տանն են…

Բռունցքով խփեցի դռանը` հաշտվելուս նշանն էր:

- Ես դուրս եմ գալիս, ներքևում կսպասեմ:

- Լավ, - ասեց Լուսեն ու միանգամից ֆենի վժժոցը գցեց տնով մեկ:

Երկրորդ հարկի դռից դուրս եկա ու իջա ներքև: Արև թափող ու չհավաքող պայծառ օր էր: Վատ չի էս ժամին արթուն լինել, - մտածեցի: Անցա նեղ փողոցը ու հայտնվեցի դիմացի նեղլիկ այգում: Բոլոր նստարանները զբաղված էին սիրահար զույգերով, որ դուրս էին եկել իրար շոյելու երևանի կարճաժամկետ գարնանային հպվող արևի տակ, քանի դեռ տապակող ու հալեցնող արևը չէր հասունացել: Քայլեցի այգով, հայտնվեցի մյուս կողմում: Մի տեղ քարի վրա նստեցի: 100 մետր այն կողմ Լառայենք շենքն էր: Հայացք բարձրացրի շենքի վրա ու նկատեցի դրա սովետական տգեղությունը ցերեկվա լույսով: Փորձեցի հաշվարկել ու գտնել Լառայենց պատուհանը սովետական կոնստրուկտիվիզմի մեջ կորած պատուհանների քաոսում: Լառան Երևանում ա, - վերհիշեցի ես: Միգուցե անգամ տանն ա: Միգուցե անգամ հիմա պատուհանից նայում ա ու հեսա ուր որ ա հայացքը կկանգնի ինձ վրա: Ցանկացա նայի պատուհանից ու տեսնի ինձ: Հանկարծակի ու կտրուկ ուզեցա տեսնել Լառային: Տեսնել, համբուրվել, հպվել…Լառան…քամու պես թեթև փաթաթվող ոսկորիկոտ բարակ ձեռքերը, քամու պես հպանցիկ բայց թիրախային հպումները, որոնք նախապատրաստությունն էին ամենակրքոտ ու զգառատ համբույրներին` միշտ երկար, ընդհատվող, բայց վերածնվող ու կրկնվող էնքան, մինչև ամբողջությամբ կորես դրանց մեջ…Լառան քամու պես թեթև իմ ձեռքերի վրա հպված-պառկած օդում, քամու պես թեթևացած ու լռիվ վստահած իմ ձեռքերին, գլուխը ետ գցած, մազերը համարյա գետնին հասնող, թոքային ծիծաղը ականջիս հասնող ու երկուսս ուշադիր ու ժպիտով հետևող իրա ստվերին իմ ձեռքերի վրա գիշերային անմարդ փոխոցներում… Լառան, որ սկսում էր սմս-ը մի բանի համար, բայց մոռանում ու գրում էր. «Նենց կհամբուրվեի քեզ հետ»…Նենց կհամբուրվեի քեզ հետ, Լառա…Լառա,քամու ու կրակի արանքում Լառա...Կարոտել եմ, - մտածեցի: Elle me manquait… Զգացմունքներս մարած չէին, ուր մարեին, երկակի կյանքում ոչինչ չի հասցնում մարել, հանկարծակի բայց հասունացած երկաշարժը ամեն բան ավելի շուտ ա միշտ քանդում, քան դու կհասցնես վայելել, հագենալ ու ավարտել: Երկակի կյանքը, ինչքան էլ ձգես, մեկա կիսատ ա ավարտվելու, կիսատ չմարած զգացմունքներով…

Հետևից անունս գոռացին, շրջվեցի, այգու մյուս կողմում, փողոցի վրա կանգնած Լուսեն ձեռքով էր անում` ինձ կանչելով: Շրջվեցի ու քայլեցի դեպի իրեն` վերջում հայացք գցելով Լառայենց շենքին ու մտքում խնդրելով տիեզերքի տերերին, որ գոնե հիմա չնայի պատուհանից Լառան:


Comments


bottom of page