ԳԼՈՒԽ 11
Չկողմնորոշված մարդուն պետք ա զրկել ընտրության հնարավորությունից: Հենց զրկեցիր, վազելու ա փակվող դռների կողմ: Կողմնացույցից ավելի կողմնորոշված:
Առավոտյան արթնացա ու տեսա երկու sms, մեկը Լառայից էր: Գնացել էր Փարիզ` երկուսիս սիրած քաղաքը: Փարիզում միասին չէինք եղել, միշտ առանձին-առանձին ու միշտ միայնակ: Համամիտ էինք էն հարցում, որ Փարիզը բնակության համար ամենալավ քաղաքն ա: Ու պատճառը ոչ Փարիզի սենտիմենտներն էին, որոնք ի դեպ թյուր կարծիք են, ոչ էլ ճարտարապետությունը, որն իսկապես հիացմունքի արժանի ա: Բայց Փարիզը հին Հռոմի պես շքեղ չի: Փարիզի շենքերը չեն ստեղվել նրա համար որ կանգնես, գլուխդ բարձրացնես ու հիացում ապրելով երկար նայես իրենց վրա, ընդհակառակը` որ անցնես իրանց կողքով, միջով, արանքով ու չկանգնես, հայացքդ վեր չբարձրացնես: Հայացք խլող չի Փարիզը, ինքը աչքքի տակ ա միշտ, պերիֆերիկ տարածքում, սահմաններում հայացքի ու էնքանով, որ ստեղծի մթնոլորտը քո քայլքի: Ու կենցաղը, կենցաղը Փարիզում զուրկ ա պարտադրանքից: Ցանկացած հոգս խրախուսվում ա հետաձգել էդ քաղաքում, Փարիզում ապրելու համար մի կտոր կռուասան, մի բաժակ գինի ու երկո հատ ծխախոտ գտնելը ավելի հեշտ ա, քան էդ ամենը վաստակելու գործ: Ու փարիզեցին դա շատ լավ գիտի, դրա համար անհոգ ա, անբան ու արխային: Չաշխատելու համար փարիզեցին մեղքի զգացում չունի, միայն չապրելու համար: Ու էդ փարիզեցին տանել չի կարող իրա քաղաքը հեղեղած ու անգլերեն հարցերով ծանրաբեռնած զբոսաշրջիկներին: Չէ, Փարիզը բաց քաղաք ա, գուցե ամենաընդունողն ա էս աշխարհում, բայց միայն նրանից հետո, երբ կդառնաս փարիզեցի, երբ կապրես էդ քաղաքում, բնակիչ կլինես, ոչ թե միշտ շտապող այցելու, որ էշ-էշ ֆոտոապառատը ձեռքին վազվզում ա Մոնմարտրից Կյաղտիե Լատէն, Կյաղտիեից էլ Նոտռ Դամ, ու փնթփնթում ա թե ինչ կեղտոտ քաղաք ա էս Փարիզը: Փարիզը հասկանալի ա դառնում միայն փարիզեցի դառածի համար, երբ առանց կանգնելու ու աչքերը վեր բարձրացնելու քայլես իրա միջով, ապրես մեջը ու իրա մթնոլորտը միջովդ թողնես ու դու էլ դառնաս էդ մթնոլորտի մի մասը:
Գրել էր. «Եկել եմ Փարիզ: Ու հիմարի պես քեզ նվեր եմ առել: Թեպետ վստահ եմ, որ չենք հանդիպի, որ օդակայանում ինձ չես դիմավորի, որ չկանք էլ: Երեկ էլ քաղաքով ման գալուց ուզեցա հիշեմ քո բնակության հասցեն էստեղ: Ու էլի հիմարի պես բացեցի, փորփրեցի նամակագրությունը ու գտա: Հիմարի պես գնացի Rue De Glaciere XX: Հիմար եմ, հիմար: Մի պատասխանի:»
Բան չպատասխանեցի, որովհետև ինչ էլ պատասխանեի, միևնույն ա. միավոր էի տալու իր հույսին` օդակայանում հանդիպելու, որովհետև ինքս չէի կարողանալու թաքցնել Փարիզում այլևս երբեք միասին չապրելու ափսոսանքը:
Մի շաբաթ էր մնացել իր Երևան վերադառնալուն: Մի շաբաթից կգա, օդակայանում ինձ չի տեսնի ու էդ անտեսանելիության հետ կգա վերջնական հաշտությունը մեր բաժանման հետ, ու հետո թող գնա երջանկություն փնտրի: Իրա տված երջանկությունը ընդունել ու վայելել չկարողացա, ինքս իրան երջանկություն չտվեցի, բայց գոնե ազատություն` երջանկություն փնտրելու կարող եմ տալ:
Երկրորդը Մարիաից էր, առաջարկում էր հանդիպել ցերեկը: Գրեցի` խառն եմ ցերեկը:
Արագ ցայվեցի, դուրս եկա, երկու ժամ բաց էի թողել, գոնե երրորդին հասնեի համալսարան: Մտա համալսարան, մի 10 րոպե ունեի, մտածեցի բուֆետում կոֆես խմեմ, նոր բարձրանամ դասի:
Բուֆետը համարյա դատարկ էր: Մի քանի կրծողներ էին գրքերն ու թղթերը թափթփելով սեղանին պարապում հավանաբար մոտալուտ միջանկյալ քննություններին:
Հեռվում, ետնաբակ տանող դռան մոտ տեսա Վչոյին` մենակով նստած: Մոտեցա, նստեցի դիմացը, ասեցի.
- Բարև, Վաչագան:
Ինձ չէր նայում: Մի քանի վայրկյան անց հայացքը թեքեց իմ կողմ, ու ուշացած ասեց` բարլուս: Ուղիղ վրաս նայելուց նկատեցի, որ սրա բիբերը չկան, հեսա ուր որ ա աչքերի սահմանից անցնելու են:
- Էս ծխա՞ծ ես, արա:
- Հաա, - էլի ուշացումով ու ժպտալով ասեց:
Մի պահ ուզեցի թռնեմ դեմքին` հիշացնելով քանի պատճառներով ա արդեն համալսարանից հեռացման վտանգի տակ, բայց հետո հարցրի.
- Էլի ունե՞ս:
Առանց խոսքի կամաց ձգվեց շալվարի գրպանին, դանդաղ մի բան հանեց ու դրեց սեղանին` թափանցիկ ցելոֆանով խոտ էր` հաստատ տարածման քանակի տակ անցնող: Միանգամից ձեռքս դրեցի, փակեցի ու ասեցի.
- Սենց լավ չի, միհատ էլ նեոնովի պուռպուռնիյ վիվեսկա դնեիր գլխիդ վրա` գրած մուֆթա պլան:
- Ու թրթռար ուրախ վիվեսկեն, չէ՞:
- Իձիոտ էլի...Որտե՞ղ ես բա ծխել:
Գլխով ցույց տվեց հետևի դրան մոտ` բուֆետի ու համալսարանի ետնաբակում թաքուն տեղեր կային:
Խոտը դրեցի գրպանս, վեր կացա տեղիցս, որ քայլեմ դեպի դուռը, տեսնեմ` սա տեղից վեր կենալու դժվար, ծանր ու ջանքով լի շարժումներ ա անում: Հարցնում եմ.
- Դու ու՞ր ես գալիս:
- Հետդ ծխելու:
- Արդեն ծխած ես, քեզ հերիք ա:
- Դու հո էդքանը չես ծխելու, - ասեց, տեղից վերջապես վեր կացավ, խփեց ուսիս, ու առաջ ընկավ դեպի դուռը:
Քայլեցի հետևից: Գնացինք պառկինգի մոտ պատի տակ կանգնեցինք: Ծխելիքի պատրաստման պարտականությունը վստահեցի Վչոյին: Ես աջ ու ձախ էի նայում: Մեկ էլ դարպասներից ներս ա մտնում Արոյի մերսեդեսը` լավ արագ ու նույնքան արագ Արամ Ասատրյանական տանայ-նինայ քոքած: Անցնում ա մեր մոտով, ինձ թվումա չնկատեց մեզ, երբ կտրուկ տոռմուզ ա տալիս`ակերի ճռռոց հանելով, զադնիյ ա տալիս, կանգնում, երաժշտությունը անջատում, պատուհանը իջացնում նայում մեզ վրա: Ձեռքով եմ անում: Գալիս կանգնում ա քիպ մեր կողքին, գլուխը պատուհանից դուրս հանում ու ասում.
- Նստեք մեջը, ի՞նչ եք ըտեղ ցցվել:
Նստում ենք, պատուհանները փակում ա: Փոխանցումներա գնում երեք շրջանով: Պատուհանները փակած ծխի ու ժամանակ-տարածության մեջ կորում ենք:
Դուրս ենք գալիս մեքենայից, լողալով աստիճանների վրայով` խախտելով ֆիզիկայի բազմաթիվ օրենքներ, բարձրանում ենք, մտնում լսարան: Նստում ենք վերջում լսարանի` ամեն մեկս մի սեղանի մոտ: Դասախոսությունը սկսում ա: Էլի սմս եմ ստանում Մարիայից.
- Իսկ երեկոյա՞ն:
- Երեկոյան էլ ավելի խառն եմ:
- Ինչո՞վ:
- Լիքը գործ ա կուտակվել: Քանի օր ա չեմ խմել:
- Իրար հետ խմե՞նք:
- Չէ, տղերքի հետ եմ:
- Չե՞ս ուզում ինձ հանդիպես:
- Իսկ դու ուզում ես, չէ՞:
- Հա:
- Դե ասա` ինչի՞ համար:
- Չգիտեմ, լավա քեզ հետ ինձ, լավ ընկեր ես:
- Սխալվեցիր:
- Ինչու՞մ:
- Շատ վատ ընկեր եմ ես:
- Էդ թող ես որոշեմ:
- Չէ, հոգիս, դու էլ բան չես որոշելու:
Չկողմնորոշված մարդուն պետք ա զրկել ընտրությունից:
Զանգեց: Դուրս եկա լսարանից, քայլեցի միջանցքով ամենավերջը: Լռում ա հեռախոսի մեջ:
- Էստե՞ղ ես, - հարցնում ա
- Ասա:
- Մենք էլ չե՞նք հանդիպի:
- Ես տենց բան չասեցի:
- Բա՞:
- Չգիտեմ` ինչ կլինի:
- Այսի՞նքն:
- Դե չգիտեմ, ու իմանալու կարիք չեմ տեսնում հիմա:
Լռեց: Էս լռությունը պահակազորքի փախչելու ձայնն ա: Լռությունից հետո դրեց հեռախոսը: Հետ զանգեցի, անջատել էր հեռախոսը: Դռները փակվում են, մի քանի օր սպասեմ, կվազի դեպի դռները` փրկություն խնդրելու:
Շրջվեցի, ետ քայլեցի դեպի լսարանը: Հեռվից տեսնեմ հերթով դուրս են գալիս Արոն ու հետևից Վչոն: Մոտենում եմ, հարցնում եմ.
- Էս խի՞ դուրս եկաք:
- Դուրս չեկանք, հանեցին, - պատասխանում ա Արոն:
- Ինչի՞ համար:
- Հեռախոսով խոսալու:
Նայում եմ Վչոյին, հարցնում եմ.
- Քեզ ինչի՞ հանեցին:
- Ինձ էլ հեռախոսով խոսալու:
- Իրար հետ էինք խոսում, - պատասխանում ա Արոն:
Երկու վայրկյանաչափ նայում եմ վրնեքը էշացած, հետո ինձ ուժեղ բացում ա, սկսում եմ բարձր ծիծաղել, էս երկուսը էլ իմ հետևից ավելի բարձր:
- Հաա, - ասում եմ, - կապը լա՞վ էր բռնում: Բա ռոումինգը հո թանկ չնստե՞ց:
- Չէ, մի փաթեթի մեջ ենք մենք,- ծիծաղի արանք բռնելով պատասխանում ա Վչոն:
- Անհանգիստ էր, զանգել էր հարցներ մաշնի դռները փակեցինք թե չէ, - շարունակում ա Արոն:
Երկար երևի բոցերը կշարվեին, եթե լսարանի դուռը չբացվեր ու դասախոսը մի քայլ դուրս անելով խիստ չասեր.
- Հիմա էլ միջանցքից էս երեքիդ դուրս հանե՞մ:
Սաղս սկսվում ենք, ու հավանաբար մի քանի վայրկյան լռությունցից հետո դասախոսը կմտներ լսարան ու կփակեր հետևից դուռը, բայց մի չբռնող մանրուք ինձ սկսում ա տանջել ու ասում եմ.
- Բայց անձամբ ինձ դեռ լսարանից չեք հանել, ես իմ կամքով եմ դուրս եկել:
Վչոն ու Արոն փակ բերանով ծիծաղելու ձեներ են հանում, որ խեղդվելու էր նման: Դասախոսը չռած աչքերով նայում ա ինձ: Հետո Արոն, ինչպես միակ յանմ պատասխանատուն մեզանից, իրավիճակը իրա ձեռքն ա վերցնում` հայտնելով.
- Ներողություն ենք խնդրում, պարոն Զ-յան: Մենք կամովի կհեռանանք միջանցքից նույնպես:
Վերջին նախադասությունը Վչոյին չափից ավելի գրական ա թվում, ու սկսում ա ծիծաղել, ես էլ հետևից: Արոն գալիս երկուսիս հավաքում ա, ու բրդբրդելով իրար հեռանում ենք բաց դռից ու դրա արանքում կանգնած դասախոսից:
Լուռ համաձայնությամբ նստեցինք ավտոն ու գնացինք Արոենց բալկոն: Մի երկու ժամ անց Լևն էլ եկավ: Մի երկու հատ էլ ֆսսացինք, Լևին զանգեց Անին ու սաղիս հրավիրեց իրանց տուն հոմ փարթիի: Ըստ Լևի Անին վաղուցվանից ինձ էր սիրահարված, բայց Անիի հոգու լույսերը էնքան վառ էին, որ ծածկում էին մեծ կրծքերը ու հետ պահում ինձ որևիցե բան նախաձեռնելուց: Դուրս եկանք, սաղովս լցվեցինք Արոյի մերսեդեսը, ճանապարհին կանգնեցինք մի երկու շիշ վերցրինք ու գնացինք Անիենց տուն: Մտանք ներս ու արագի մեջ ինտեգրվեցինք ներսի խառնաշփոթին: Մի քանի ժամ անց բոլոր շշերը դատարկված էին, փլեյլիստի ուրախ երգերը սպառված էին, անծանոթները ծանոթացած ու իրարից ձանձրացած էին ու when the smoke is going down վիճակը ներխուժած էր տան բոլոր սենյակները: Արոն եկավ կողքս, առաջարկեց ցվրվել: Համաձայնեցի: Դուրս գալուց Անին տեսավ դռան մոտ, եկավ գրկեց, մերսի ասեց, որ եկանք: Ասեցի` ավել պակասի համար միշտ մեզ կանչի:
Դուրս եկանք, մուտքի աստիճանների վրա Վչոյին տեսանք: Կիսապառկած վիճակում: Չգիտեմ էլ ողնաշարը ոնց էր հարմարացրել աստիճանների կառուցվածքին: Արոն չուզենալով սրան առաջարկեց տուն տանի: Մերժեց: Արոն շունչ քաշելով իջավ աստիճաններից ու քայլեց ավտոյի մոտ, ես նստեցի Վչոյի կողքին:
- Էս խի՞ ես մենակ լռվել ստեղ, ախպերս:
- Սենց չի ըլնի, ախպեր, սենց չի ըլնի:
- Ո՞նց չի ըլնի:
- Սենց չի ըլնի:
- Խի՞ չի ըլնի:
- Չի կարա ըլնի, չպիտի ըլնի:
- Բա խի՞ ա սենց:
- Սենց` ո՞նց:
- Սենց, ոնց չպիտի ըլնի:
- Սենց էլ ըլնի լավա, - ասեց ձեռը քցեց ուսիս ու շարունակեց, - միշտ հիշի` կարևորը վերջը լավ ըլնի:
Արոն սիգնալի շարանը դրեց դրսում` ինձ էր կանչում: Վեր կացա տեղիցս, ասի` լավ կաց, Վաչագան, կզանգեմ:
Նստեցի ավտոն, գնացինք: Անցնում էինք տերյան փողոցով, հիշեցի, որ հրեշը ասել էր Տերյանի վրա ա ապրում: Չգիտեմ խմածությունը, թե խոտը, թե դրանց հետևանքով կամ անկախ դրանցից սիրահարվածությունս ստիպեց Արոյին ասել.
- Կանգնի ստեղ:
- Ի՞նչ կա:
- Մեկը կա, պիտի տենամ:
Կանգնեց, դուրս եկա մեքենայից, ուզում էի դուռը փակել, երբ ներսից ձգվեց ու կասկած արտահայտող դեմքով ասեց` գրի, որ հասնես տուն: Պատասխանեցի` քնի, որ հասնես տուն ու փակեցի դուռը:
Կանգնած էի մոսկովյան-տերյան խաչմերուկի վրա: Ոտքով Տերյանով իջա` մտածելով` տեսնես ո՞ր շենքում ա ապրում Մարիան: Առանց երկար մտածելու վերցրի հեռախոսը ու զանգեցի: Վերցրեց. բան չի խոսում:
- Դու Տերյանի ո՞ր հատվածում ես ապրում:
- Ի՞նչ տարբերություն քեզ համար:
- Հիմա Տերյանի վրա եմ:
Շարժումների ու քայլերի ձայներ լսեցի: Մի քանի վայրկյան անց ասեց.
- Ես տեսա քեզ:
- Ու՞ր ես:
- Դիմացիդ շենքին նայի: Վերջին հարկ:
Քարից ստալինկայի կախված բալկոնում Մարիան էր կանգնած` հեռախոսը ականջին դրած:
- Բարև, - ասեցի:
- Բարև:
Լռություն եկավ ու կանգնեց: Ես էլ կանգնեցի:
- Գիտես` ի՞նչ եմ մտածում, - հարցրեց:
- Չգիտեմ:
- Մտածում եմ` իջնեմ թե չէ:
- Իջի, եթե սիրտդ ուզում ա:
Հեռախոսը դրեց: Մտավ ներս բալկոնից: Չհասկացա սպասեմ թե չէ: Ապահովության համար որոշեցի սպասեմ: Անցա դիմացի մայթը, կանգնեցի իրանց մուտքի մոտ: Սիգարետ դրեցի բերանս, վառեցի: Մի քանի րոպե անց, դուռը մուտքի բացվեց: Մարիան էր: Բայց դուրս չեկավ, կանգնած դռան արանքը ինձ ա նայում: Կանացի նեղացված հայացքով, որի մեջ միշտ մեղադրանք կա: Ես էլ չեմ մոտենում: Լռություն եկավ ու կանգնեց: Մենք էլ էինք կանգնած: Ասեց.
- Սիգարետ տուր:
Տուփս հանեցի, բացեցի, բայց չմոտեցա իրեն: Հասկացրեցի, որ դու պետք ա դռների արանքից դուրս գաս ու գաս վերցնես: Մոտեցավ: Առանց մակիյաժի էր, մազերը չսանրած, աչքերն էլ կարծես լացած լինեին, բայց էդ վերջինին չկարողացա հավատալ: Եկավ հանեց սիգարետը տուփից, ձեռքս տարա զաժիգալկին, մոտեցրեցի երկու ափով բռնած, որ վառեմ կպցնեմ: Ափերս անջատեց իրարից, զաժիգալկեն ձեռքիցս խլեց ու ինքնուրույն վառեց սիգարետը: Հետ չտվեց: Նայեց ինձ: Մենակ թե չհարցնես ինչի համար եմ զանգել քեզ, պատասխան չունեմ: Չհարցրեց: Ավելորդ խոսքերը ու հարցերը իրան բնորոշ չէին: Ասեց` առաջարկելու պես` քայլենք: Առանց խոսքի քայլում էինք: Լուտ էր, ցուրտ էր, ուշ էր, փողոցում էլ անմարդ էր: Վրաս չի նայում: Հասանք կասկադ: Բարձրացանք: Նստեցինք էլի նախկինում նստած հարթակին: Լռություն ա: Ոսկորների մեջ մտնող ցրտին բարձրության վրա ավելացավ քամին, որ պոռթկումներով էր փչում, ճիշտ էն պահին, երբ մի կերպ կցկված ցրտից հասցնում էիր տաքանալ ու ստիպում դողալ: Ինք էլ էր դողում, շատ թեթև էինք հագնված երկուսս էլ էս ուժ ժամվա ու չհաստատված գարնան համար: Հարցնում եմ.
- Ի՞նչ ես ուզում դու:
- Ի՞նչ նկատի ունես, - առաջին անգամ ինձ ա նայում:
- Ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես սպասում ինձնից:
Լռում ա ու փախցնում հայացքը: Չէ, էսօր ստիպելու եմ քեզ կողմնորոշվել ու բացատրվել: Հարցնում եմ.
- Բոյֆրենդդ ո՞նց ա:
- Լավ ա, - արհամարհանքով ինձ ա նայում ու շարունակում, - մերսի, որ հիշեցիր ու հետաքրքրվեցիր:
- Սիրու՞մ ա քեզ:
- Ասում ա:
- Սիրու՞մ ես իրան:
Լռություն ա: Սիրո բացակայության խոստովանությունը սիրո խոստովանությունից ավելի բարդ ա:
- Չէ:
- Չէ՞:
- Չէ: Ու դու առաջինն ես, ում ես դա ասում եմ:
- Թեթևացա՞ր ասելուց:
- Չէ:
- Մտածե՞լ ես բաժանվելու մասին:
- Մտածել եմ, բայց չեմ բաժանվի:
- Ինչի՞:
- Հարսանիքի օրը նշանակված ա, ծնողները ծանոթացած են ու գոհ են, ապագան գծված ա, սերն էլ կատարյալ կեղծված ա: Իմաստ կա՞ բաժանման:
- ՉԷ, չկա... - ուշադիր վրան նայելով ու թաքցրած հիացումով ասեցի ես:
Տղամարդկանց մեծ մասը վախենում են կանանցից: Ու ես միտված եմ կարծել, որ հենց էդ վախն ա ստիպել մեզ ժամանակին խլել իշխանությունը կանանցից` մայրիշխանությունը վերածելով հայրիշխանության: Նույն վախը ստիպում ա մեզ պահել էդ իշխանությունը` ֆեմինիզմի ցանկացած դրսևորումից զարհուրելով: Որովհետև կանայք մեզանից խելացի են: Շատ կենսական խելացի են, պրակտիկ խելացի են: Էն ամենը ինչ մենք ստանում ենք պատերազմներով, կռիվներով ու սպանություններով, նրանք միշտ ստանում են ստով: Առաջին տղամարդը, որն առաջինը խլեց իշխանությունը կնոջից, հաստատ բացահայտել էր կնոջ սուտը: Եվ հիմա իմ կողքին նստած ա արտակարգ ստախոս, որ կեղծել ա իր ամբողջ կյանքը ու էդ ստով կառավարում ա ամեն բան իր կյանքում: Սուտը միշտ լավ ա կառավարում, եթե դրա հականիշը մի ուրիշ սուտն ա: Ու Մարիան էն մարդկանցից ա, որ ամեն մարդու համար իր սուտն ունի` հարմարեցված տվյալ մարդու ցանկություններին ու նախընտրություններին: Իսկ ես...Իսկ ես հիանում եմ իրա ստելու կարողությամբ, ամեն ուզած բան ստի հիմքով կառուցելու համար: Ու էս ստախոսի ոչ մի կողմը վստահելի չի, բայց ներսը, ներսը պիտի մի բան լինի...Սուտասանը երբեք միանգամից սուտասան չի դառնում: Դրա համար երկու պայման ա պետք: Նախ հասկանալ ստի նշանակությունը՝ օգուտը ու վարժեցնել ստելուդ ունակությունը: Բայց ավելի կարեւոր բան կա. հաղթահարել բարոյական կողմը՝ ներքին արգելքդ՝ մարդկանց խաբելու: Իսկ դա միանգամից չի լինում: Էդ քեզ կոտրելու գնով ա լինում: Թե ամեն բան կյանքումդ կեղծ ու սուտ ա, ուրեմն մի պահ դու ինքդ քեզ՝ ամենաքեզին՝ ամենասկզբնականին՝ ամենաանկեղծին պարտվել ես: Կոտրել ես ինքդ քեզ: Բայց սկիզբը, սկիզբը մինչեւ սուտը եղել ա, ու ինձ հետաքրքիր ա իրա սկիզբը:
Շարունակեց.
- Կամ հանուն ինչի՞ բաժանվեմ…Կամ հանուն ու՞մ բաժանվեմ:
Ու թե առաջին հարցը հռետորական էր, երկրորդը ուղղված էր ինձ: Սլաքները թեքում ա իմ կողմը: Հասկանում եմ ու անտեսում եմ հասկացածս: Սլաքները հետ եմ ուղղում.
- Ինձանից ի՞նչ ես ուզում:
Թեքում ա հայացքը ու լռում: Պատասխան չի լինելու:
Վեր եմ կենում տեղիցս: Ասում եմ.
- Վեր կաց:
- Ինչի՞:
- Վեր կաց` քեզ տուն ճանապարհեմ:
Տեղից չի շարժվում: Ակնհայտ սրտով չի էսպիսի ավարտը: Նորից եմ ասում:
- Ակնհայտ ա, որ ավել բան խոսելու չունենք: Նենց որ վեր կաց, քեզ տուն ճանապարհեմ ու վերջացնենք էս ամենը:
Վեր կացավ, վրես առանց հայացք քցելու քայլեց: Ճանապարհին ոչ մի բառ չխոսեցինք: Զգացվում էր, որ կատաղած ա: Որ ուզում ա պայթի: Բայց արտակարգ ստախոսից պայթել սպասել պետք չի:
Հասանք շենքի մոտ: Մուտքի մոտ դեմ դիմաց կանգենցինք, նայեցինք իրար: Ես իմիտացնում եմ վերջին հրաժեշտի հայացքը:
- Լավ էղի, - ասում եմ:
Գլխով ա անում, նույն աղքատիկ մաղթանքը ինձ չի ասում: Վախենում ա վերջին քայլը անի: Լռում ենք: Բավարար լռություն ու անտարբերություն պահելով ասում եմ.
- Ափսոս իհարկե:
- Ինչը՞ ափսոս:
- Ափսոս էր էս մեր շփումը: Կապը:
Լռում ա, սպասում ա պարզաբանեմ:
- Կուզեի, որ մի բան գոնե ունեցած լինեինք ես ու դու, որ էսքան անիմաստ չլիներ մեր շփումը…Բայց….
- Բա՞յց:
- Բայց էդ ստորություն կլինի փեսացուիդ հանդեպ:
Մոտենում ա մի քայլ ինձ: Լռում ա կանգնած տեղում` ուշադիր ու առանց թարթելու նայելով ինձ, հետո մի բան փոխվում ա, վերջապես իրական կերպարանքը ընդունելով ու իրա սատանայական հոգու ամենախորքից ինձ նայելով` ասում ա.
- Ինքը չի իմանա:
Ժպտում եմ: Ասում եմ.
- Քայլենք մի 5 րոպե էլ:
- Քայլենք:
Քայլում ենք Բայրոնի փողոցով: Բայրոնի մայթի աստիճաններով վերև ներքև իջնում: Երրորդ աստիճանից իջնում ենք ու կանգնում: Տալիայից երկու ձեռքով գրկում եմ: Առանց իմ քաշելու մոտենում ա ինձ: Մոտեցնում ենք գլուխները իրար: Իրա աչքերը արդեն փակ են: Իմը բաց: Շուրթերը օդում գնում գալիս են մի քանի անգամ ու վերջապես ձուլվում ու կորում ենք երկար չընդհատվող համբույրի մեջ: Հեռախոսները սկսում են զանգել, սկզբից իրանը, հետևից` իմն էլ, անջատում ենք, առնաց ընդհատվելու: Ընդհատվում ենք, իրան քիչ ա, ինձ էլ հերիք չի: Մտնում ենք մոտակա մութ մուտքը: Կորում ենք համբույրների, հպումների, սեղմումների, կծոցների, իրար շնչառության մեջ:
Դուրս ենք գալիս մուտքից, ասում ա` մի ճանապարհի ինձ, ու ձեռքերը պինդ խրած մազերիս մեջ համբուրում ա: Ժպտում ա ինձ, ավելի ճիշտ` հրճվում: Կտրուկ շրջվում ա ու արագ վազելով փախնում մոտիցս:
Comments